Կայացավ ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի հանդիպումը բուհի ամբիոնների վարիչների հետ: Ավանդական դարձած աշխատանքային հանդիպման օրակարգային առաջին հարցը բակալավրիատի ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի արդյունավետության վերլուծության վերաբերյալ էր։
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանն իր զեկույցում առանձնացրեց այն բացթողումներն ու թերությունները, որոնք տեղ են գտել այս ուսումնական տարում ամբիոնների կողմից ներկայացված թեմաներում։ Պրոռեկտորը խոսեց կրթական երկու աստիճանների ավարտական աշխատանքների առանձնահատկությունների մասին և նկատեց՝ թեև տարեցտարի դրանց որակը բարելավվում է, բայց պետք է նկատի ունենանք այլ դիտարկումներ ևս՝ առավել որակյալ աշխատանքներ ունենալու համար։
Կրկնվող թեմաներ, խորագրերի ոչ կոնկրետ և լայն շրջանակ, տեսական ուղղվածություն և այլն․սրանք հաճախ հանդիպող այն թերություններն են, որոնք տեղ են գտել 2019-2020 ուսումնական տարվա՝ ամբիոնների ներկայացրած ավարտական աշխատանքների թեմաներում։
«Կրկնվող թեմաները մղում են արտագրության, թեմայի լայն շրջանակը խոչընդոտում է, որ ուսանողը հետազոտություն կատարի իր մասնագիտության շրջանակներում, իսկ շատ հաճախ էլ թեմաները չեն ներկայացնում տվյալ ամբիոնի ներկայացրած մասնագիտությունը։ Ավարտական աշխատանքները նպատակ ունեն ստուգելու ուսանողների գիտելիքները մասնագիտության շրջանակներում՝ զարգացնելով նրանց հետազոտական ունակությունները»,-նշեց պրոռեկտոր Գևորգյանն ու ևս մեկ անգամ ընդգծեց՝ աշխատանքներում պետք է շեշտադրել նորույթը դպրոցի, կրթական նպատակների իրականացման տեսանկյունից։
Պրոռեկտորը ամբիոնների վարիչներին հորդորեց ուսանողներին առաջարկել թեմաներ նաև կոնկրետ բուհի հիմնախնդիրների վերաբերյալ, հնարավորություն ստեղծել լավագույն աշխատանքների տպագրման համար, իսկ լավագույն հետազոտողներին խրախուսել՝ գիտական առաջընթաց ունենալու համար։ Սրբուհի Գևորգյանը հույս հայտնեց, որ ավարտական աշխատանքների արդյունավետության վերաբերյալ մշակվող կարգերի նախագծերի շուրջ ամբիոների վարիչները կներկայացնեն առաջարկներ, դիտարկումներ ու լրացումներ՝ առավել որակյալ աշխատանքներ ունանալու նպատակով։
«Կրթական բարձր մակարդակի և որակի հասնելու համար պետք է այս հարցում ևս ցուցաբերենք հստակ մոտեցումներ։ Թեմաները պետք է լինեն պարզ, չկրկնվեն՝ բացառելու համար արտագրությունը, իսկ ամենակարևորը՝ կատարվեն ինքնուրույն»,-նշեց ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ու ամբիոնների վարիչներին հորդորեց գումարել նիստեր և աշխատանքների գիտական ղեկավարների հետ դեռ ուսումնական տարեսկզբին քննարկել այն պահանջները, որ հետապնդում է բուհը ավարտական աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ։
Ամբիոնների վարիչների հետ աշխատանքային հանդիպմանը Պրակտիկայի կենտրոնի ղեկավար Վահան Սարգսյանն էլ խոսեց մանկավարժական պրակտիկայի արդյունավետության վերլուծության մասին և ընդգծեց, որ ուսանողների հետ ամբիոնների կազմակերպած հանդիպումներում պետք է հավաքագրել և քննարկել պրակտիկայի վերաբերյալ տեղեկատվությունը։
«Բուհի հավատատարմագրման գործընթացում միջազգային փորձագետները խնդիր են տեսնում պրակտիկայի և տեսության կապի միջև․ պետք է վերանայվեն ուսումնական վերջնարդյունքները»,-նշեց Վահան Սարգսյանն ու հավելեց, որ առայժմ լիարժեք չի գործում նաև ուսանող-մեթոդիստ-մանկավարժ կապը։ Պրակտիկայի կենտրոնի ղեկավարը խոսեց նաև վերջերս պրակտիկա անցկացնող դպրոցների տնօրենների հետ հանդիպման մանրամասների, արդյունքների մասին և տեղեկացրեց, որ այսուհետ պրակտիկա իրականացնող հաստատությունների ներկայացուցիչները կներգրավվեն ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովներում և կմասնակցեն բուհում կազմակերպվող գիտաժողովներին և այլ ձեռնարկներին։
Պրակտիկայի բարելավման գործընթացում Վահան Սարգսյանն առանձնացրեց պրակտիկայի գնահատաման առանցքային ցուցիչի փոփոխման ու առարկաների պլանավորման վերանայման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա իրականացնել պրակտիկայի բարելավման ևս մեկ շրջափուլ։
Կարևորելով մանկավարժական պրակտիկայի արդյունավետության բարձրացումը՝ ռեկտորը նկատեց, որ պրակտիկան պետք է հիմք հանդիսանա ուսանողների կարիերայի հետագա շարունակության։ Ռուբեն Միրզախանյանը հավելեց նաև, որ պրակտիկայի գործընթացին վերաբերող ուսումնասիրությունները ևս կարող են լինել մագիստրոսական թեզի թեմաներ՝ նպաստելով գործընթացի կատարելագործմանը։