ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխատանքային հանդիպում ամբիոնների վարիչների հետ
16.11.2021
Աշխատանքային հանդիպում ամբիոնների վարիչների հետ

Կայացավ ՀՊՄՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանի և ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանի հանդիպումը բուհի ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների հետ:

Գիտության հարցերին վերաբերող աշխատանքային հանդիպմանը ՀՊՄՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը ներկաներին հրավիրեց ակտիվ երկխոսության` բացահայտելու գիտական հետազոտությունների ընթացքը, արդյունքները և խնդիրները:

«Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հետևողականություն են պահանջում: Պետք է հասկանալ` ով ինչպես է հասկանում գիտական աշխատանքի բովանդակությունը, գիտական ինչ ներուժ և արդյունքներ ունենք»,-նշեց պրոֆեսոր Խոեցյանն ու կարևորեց ամբիոնների աշխատանքը՝ որպես գիտահետազոտական կենտրոններ:

Ռեկտորն այն համոզմանն է, որ բուհի քաղաքագիտության, պատմագիտության, ֆիզիկայի և այլ ուղղություններով գիտական մեծ աշխատանք է կատարվում, սակայն պետք է գիտական-տեսական միտքը արդյունքում փոխակերպվի նյութականի. այդ ուղիները պետք է յուրաքանչյուրը փնտրի իր ասպարեզում:

Մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանն այն կարծիքին է, որ բուհի հիմնական առաքելությունը մանկավարժական կադրերի պատրաստումն է, մանկավարժական գիտությունը դպրոց տանելը և ուսուցչին օգնելը:

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան Գագիկ Դեմիրխանյանն էլ ընդգծեց, որ ֆակուլտետում գիտահետազոտական բարձր արդյունք կա, բայց հանրապետությունում դրա «շուկան» չկա, ավելին՝ հանրապետությունում կան դպրոցներ, որտեղ ֆիզիկա և քիմիա առարկաները չեն դասավանդվում:

Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանն առաջարկում է մշակել հայեցակարգ՝ մեկ հարթությունում ինտեգրելու գիտությունը, կրթությունը և պրակտիկան` լայն իմաստով. գիտական գործունեությունն արդիականացնելու խնդիր ունի և պետք է մշակել ներքին խրախուսման մեխանիզմներ:

Կենսաբանական գիտությունների դոկտոր, ամբիոնի վարիչ Նարինե Սահակյանի կարծիքով էլ Մանկավարժական համալսարանը միայն մեթոդների մշակմամբ է առաջ ընթանում՝ ակադեմիականը թողնելով հետին պլանում:

ՀՊՄՀ-ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը ներկայացրեց, որ համալսարանում իրականացվում է 9՝ 3 թեմատիկ և 6 բազային գիտական աշխատանք, ինչը բուհի ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանի կարծիքով, բավարար չէ:

Նշենք, որ ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանի ղեկավարությամբ ստեղծվել է հանձնաժողով՝ քննարկելու ներկայացված առաջարկները, հասկանալու յուրաքանչյուր ստորաբաժանման գիտահետազոտական ուղղվածությունը, ինչով մեծապես պայմանավորված է գիտահետազոտական աշխատանքների ակտիվ գործընթացը: