ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխատանքային հանդիպում ARMDOCT-ի շրջանակներում
23.06.2022
Աշխատանքային հանդիպում ARMDOCT-ի շրջանակներում

Օրերս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի ունեցավ ARMDOCT նախագծի համակարգման հանդիպում:

Հանդիպմանը մասնակցում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանը, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, ինչպես նաև նախագծի հայաստանյան գործընկեր բուհերի ներկայացուցիչներ՝ ինստիտուցիոնալ ղեկավարներ և համակարգողներ։

ՀՊՄՀ-ն ներակայցնում էր աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը:

Էրազմուս+ կարողությունների զարգացման ARMDOCT նախագծի շրջանակներում ձևավորված և բուհերի, գիտահետազոտական ինստիտուտների հետազոտողներով համալրված աշխատանքային 4 խմբերը ներկայումս մշակում և վերամշակում են երրորդ աստիճանի ընդունելության, ուսուցման և հետազոտության, աստիճանաշնորհման, կրեդիտային համակարգի, ինչպես նաև բարեվարքության կանոնակարգերը:

Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ հստակեցվեցին ակնկալիքները և վերահաստատվեց, որ Հայաստանում դոկտորական կրթության բարեփոխման ԿԳՄՍ նախարարության և ARMDOCT նախագծի առաջնահերթություններն ու օրակարգը համահունչ են:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդգծեց. «Դոկտորական կրթության բարեփոխումները պետք է զուգահեռենք երրորդ աստիճանի կրթության որակի ապահովման և մշտադիտարկման կայուն մեխանիզմներով, լիցենզավորման պահանջների վերափոխմամբ, որպեսզի դոկտորական ծրագրեր իրականացնելու հնարավորություն ունենան միայն այն հաստատությունները, որոնք կբավարարեն նվազագույն պահանջները»։

Կարեն Թռչունյանն անդրադարձավ նաև ղեկավարի ինստիտուտի կայացմանը և նշեց, որ այդ համատեքստում պետք է փոխել բազմաթիվ չափանիշներ և հստակեցնել, թե ովքեր կարող են ղեկավարել ասպիրանտի հետազոտական աշխատանքը՝ որակյալ գիտական աշխատանք ակնկալելու համար:

Եվրասիա միջազգային համալսարանի հետազոտկան կենտրոնի ղեկավար, ARMDOCT նախագծի համակարգող Արևիկ Օհանյանը, ներկայացնելով իրականացված աշխատանքների ընթացքը և ակնկալվող արդյունքները, տեղեկացրեց, որ վերոհիշյալ կանոնակարգերի վերջնական նախագծային տարբերակներն արդեն ամփոփվում են աշխատանքային խմբերում և առաջիկայում կներկայացվեն Նախարարություն՝ դիտարկումներ ներկայացնելու համար։

 «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ-ում գործող երրորդ աստիճանի գրեթե բոլոր ծրագրերը թիրախավորում են մեկ ոլորտ, տարածված չէ միջդիսցիպլինար ծրագրերի փորձը, սահմանափակ են ծրագրային, ֆակուլտետային, ինստիտուցիոնալ կամ միջբուհական, միջոլորտային համագործակցությունները»,-նշեց Արմինե Օհանյանն ու հավելեց, որ նախագծի շրջանակներում վերոհիշյալ համագործակցությունների համար ստեղծվել է իրավական համապատասխան բազաԼ Բացի այդ, առաջիկայում պիլոտային կերպով կգործարկվեն բազմաձև դոկտորական ծրագրեր՝ ներգրավելով նաև մասնավոր կամ պետական ոլորտների կազմակերպությունների, միջազգային համագործակիցների:

Կարեն Թռչունյանը ևս մեկ անգամ կարևորեց բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների, արդյունաբերական ոլորտի համագործակցությունը խթանող երկարաժամկետ նպատակային ծրագրերի ներդրումը: Նախարարի տեղակալը նկատեց նաև, որ մեր երկրում արդյունաբերական և ակադեմիական ու գիտական կազմակերպությունների համատեղ հետազոտությունները գրեթե բացակայում են, ուստի համատեղ արդյունաբերական դոկտորական ծրագրերի ներդրումը նորարարություն կլինի։

ՀՊՄՀ-ի աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը ներկայացրեց բուհում դոկտորական դպրոցի գործարկման վերաբերյալ աշխատանքային խմբի քննարկման արդյունքները:

Հանդիպման ավարտին որոշվեց հնարավորություն տալ ծրագրի անդամ բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին պիլոտային կերպով ներդնել բարձրագույն կրթության երրորդ աստիճանի կրթության կազմակերպման նոր մոդելներ՝ համագործակցային ցանցերի (կոնսորցիումների) դոկտորական դպրոցների ձևավորմամբ և համագործակցային դոկտորական ծրագրերի (այդ թվում՝ համատեղ արդյունաբերական դոկտորական ծրագրեր) մշակմամբ։