ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխատանքային հանդիպում դեկանների և ամբիոնների վարիչների հետ
29.06.2018
Աշխատանքային հանդիպում դեկանների և ամբիոնների վարիչների հետ

ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն աշխատանքային հանդիպում անցկացրեց բուհի ֆակուլտետների դեկանների և ամբիոնների վարիչների հետ:

Հանդիպման նպատակն էր նոր ուսումնական տարվան ընդառաջ քննարկել վերանայված ուսումնական ծրագրերն ու կրթության էլեկտրոնային կառավարման Google Classroom հարթակի վերաբերյալ փոփոխությունները:

Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանն ընդգծեց, որ ամբողջովին վերանայվել և լրամշակվել են առկա և հեռակա ուսուցման համակարգերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական պլանները, հստակեցվել են մանկավարժական և ուսումնական պրակտիկաների ժամկետները, կիսամյակային շաբաթները. վերջինի արդյունքում՝ տարվա կտրվածքով երկու շաբաթով կրճատվել է դասախոսների ծանրաբեռնվածությունը:

Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ընդգծեց, որ կատարված փոփոխություններն անմիջականորեն վերաբերում են բուհի ամենօրյա աշխատանքին և ուսումնական գործընթացի որակի բարձրացմանը: Նա հավելեց նաև, որ չնայած 2018-2019 ուսումնական տարվա դիմորդների թվի էական նվազմանը՝ ձգտել են պահել պրոֆեսորադասախոսական նույն կազմը առանց կրճատումների: Անդրադառնալով ուսումնական ծավալների վերանայմանը՝ ռեկտորը վստահեցրեց, որ կարողացել են դրա սահմանը մոտեցնել հանրապետության բուհական համակարգի միջին չափանիշներին:

Ռեկտորը խոսեց նաև ավարտական քննությունների մասին և ևս մեկ անգամ ընդգծեց, որ ավարտական քննությունների բովանդակությունը փոխելը միանշանակ ճիշտ էր: Քննարկվեց նաև կամավորական աշխատանքին հատկացվող միավորը մինչև 10-ից իջեցնել մինչև 5, իսկ պրակտիկայի գնահատականը՝ մինչև 30-ից նվազեցնել մինչև 20:

Դեկանների և ամբիոնների վարիչների հետ աշխատանքային հանդիպման օրակարգային հաջորդ հարցը կրթության էլեկտրոնային կառավարման Google Classroom հարթակի վերաբերյալ փոփոխություններն էին: Կրթական գործընթացների կառավարման և բարեփոխումների վարչության պետ Մկրտիչ Ավագյանը ներկայացրեց հարթակի բարելավման նպատակով ստեղծված հանձնախմբի աշխատանքի արդյունքներն ու առաջարկները և ընդգծեց, որ դրանց հիմքում եղել են համակարգի վերաբերյալ ուսանողների և դասախոսների դժգոհությունները:

Մկրտիչ Ավագյանը ներկայացրեց այդ փոփոխություններն ամրագրող փաստաթուղթ-նախագիծը, որն առաջիկայում կներկայացվի ՀՊՄՀ-ի Գիտական խորհրդի հաստատմանը:
Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ևս մեկ անգամ ընդգծեց հարթակի կիրառման կարևորությունը դասախոս-ուսանող անհատական կապի ամրապնդման տեսանկյունից և հավելեց, որ բարեփոխումները կիրականացվեն նոր ուսումնական տարեսկզբից. «Համակարգը լի էր որոշակի թերություններով, սակայն պետք է շարունակենք հետևողականորեն կատարելագործել այն, ձգտենք գործնական քայլերի, ինչը կտա շոշափելի արդյունքներ»,-հավելեց ռեկտորը:

Ռուբեն Միրզախանյանը կարևորեց համակարգի վերաբերյալ առաջարկներով հանդես եկած դասախոսների և ուսանողների՝ հանձնախմբում ներգրավվելը և ամբիոնների վարիչներին հանձնարարեց ամբիոնների նիստերում քննարկել առաջացած խնդիրները: