ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխատանքային հանդիպում ՀՊՄՀ-ում
27.01.2017
Աշխատանքային հանդիպում ՀՊՄՀ-ում


Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի աշխատանքային հանդիպումները բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ շարունակվում են:

Այս անգամ հանդիպում էր Օտար լեզուների ֆակուլտետի 6 ամբիոնների աշխատակազմի հետ: Ռեկտորն իր անհանգստությունը հայտնեց ՀՊՄՀ-ում ներդրված էլեկտրոնային ուսուցման նոր մեթոդի ոչ ակտիվ գործածման վերաբերյալ՝ միաժամանակ ընդգծելով դրա արդիականությունն ու կարևորությունը. «Գիտական խորհրդի որոշումը Google classroom-ի վերաբերյալ մշակվեց և ներդրվեց բոլոր ֆակուլտետներում.դրանցից որոշներում խնդիրներ գրեթե չկան, իսկ ուսանողների մի ստվար զանգված բարձր է գնահատում այն»,-նշեց ռեկտորն ու ընդգծեց, որ Օտար լեզուների ֆակուլտետը ևս կարճ ժամանակահատվածում պետք է լրացնի այդ շարքերը:

Հանդիպմանը Մանակավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական գործունեության վարկանիշային գնահատման վերաբերյալ ներկայացրեց Կրթության բարեփոխումների և որակի վարչության պետ Մկրտիչ Ավագյանը:

Վերջինս անդրադարձավ վարկանիշային գնահատման նպատակներին, հիմնական խնդիրներին, վարկանիշի ձևավորման սկզբունքներին, ձևաչափին ՝ մանրամասնելով նաև դրա առավելություններն ու ներկայացրնելով վարկանիշավորման էլեկտրոնային հարթակը, դասախոսի կողմից վարկանիշային տվյալների մուտքագրման ընթացքը և այլն:

Բանախոսը նկատեց, որ ուսումնական գործընթացի ավտոմատ կառավարման էջում տվյալների մուտքագրման տեխնիկական կառավարման համար առաջիկայում նախատեսվում է հանդիպում-ուսուցում ֆակուլտետների և ամբիոնների մասնագետների հետ, իսկ ամբիոններին կհանձնարարվի ըստ վարկանիշավորման բաղադրիչների լսել հիմնական հաստիքային դասախոսների՝ 2016 թվականին կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները:

Յուրաքանչյուր դասախոսի կհանձնարարվի նաև ստեղծել վարկանիշավորման տվյալների մուտքագրման հիմքերի պահպանման թղթապանակներ, իսկ հիմնական դասախոսներին՝ ուսումնական գործընթացի ավտոմատ կառավարման էջում անձնական տվյալների մուտքագրում:
Օտար լեզուների ֆակուլտետի աշխատակազմին մանկավարժական պրակտիկայի արդյուքները ներկայացրեց Պրակտիկայի կենտրոնի ղեկավար Վահան Սարգսյանը:

Վերջինս անդրադարձավ պրակտիկայի պաշտպանության վերաբերյալ կենտրոնի վերլուծությանը ՝մանրամասնելով դրական և բացասական կողմերը:

Ի դեպ, պրակտիկայի պաշտպանությունը նորույթ է ՀՊՄՀ-ում. այսուհետ պրակտիկայի պաշտպանության գնահատականը կկազմի որակավորման քննությունների նիշի 30 տոկոսը:

Վահան Սարգսյանն գործընթացի դրական կողմերից համարեց մասնագիտությունը ճիշտ ընտրած ուսանողների բացահայտումը, խմբի ղեկավարների կատարած աշխատանքների որակը, շահակիցների ներգրավվումը իրական կարողությունների փոխադարձ գնահատման գործընթացում և այլն:

Բացասական դիտարկվեց այն, որ թղթապանակներում շատ է նկարագրական մասը, ամփոփիչ ակնարկի անհամապատասխանությունը բոլոր պահանջներին, ոչ բավարար ուշադրությունը գնահատման չափողականությանը և այլն:

Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը կարևորեց պրակտիկայի պատշաճ կազմակերպումը, հարցի վերաբերյալ ներկայացնելով իր դիտարկումները և նկատելով, որ տարեցտարի կրճատվում են այն հաստատությունները, որտեղ ապագա մանկավարժներն անցկացնում են իրենց պրակտիկան.նախկին 200-ի փոխարեն այդ թիվն այսօր 15-ն է:

Ռեկտորը ևս մեկ անգամ ընդգծեց, որ պրակտիկան չպետք է կրի ձևական բնույթ, իսկ այն ղեկավարող մեթոդիստը պետք է ունենա մասնագիտական բարձր հմտություններ:

Ռուբեն Միրխազանյանը հանդիպման ընթացում խոսեց նաև ամառային դպրոցում ուսանողների ներգրավածության կարևորության, լեզուների իմացության, կրթական գործընթացներում պրոֆեսորադասախոսական կազմի ակտիվ ներգրավման, գիտական գործունեության՝ այդ թվում նաև միջազգային պարբերականներում տպագրումների ընդլայնման վերաբերյալ:

Աշխատանքային հանդիպման ընթացքում եղան հարցեր, հնչեցին առաջարկներ ինչպես էլեկտրոնային ուսուցման նոր հարթակի, այնպես էլ պրակտիկայի կազմակերպման արդյունավետության մասին: