ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխատանքային հանդիպում պրոֆեսորադասախոսական կազմի հետ
22.10.2021
Աշխատանքային հանդիպում պրոֆեսորադասախոսական կազմի հետ

Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ բուհի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Հանդիպման նպատակն էր Գիտական խորհրդի նիստին ընդառաջ վերհանել ֆակուլտետի ուսումնական գործընթացում առկա բացթողումները, գիտակրթական ոլորտի խնդիրներն ու անելիքները:

Ռեկտորն իր խոսքում նշեց. «Ֆակուլտետներն ու ամբիոնները բուհի որոշիչ օղակներն են. նման հանդիպումները կլինեն շարունակական: Հույս ունեմ, որ բարձրացրած  հարցերն ուղենիշ կլինեն հետագա բարելավման և խնդիրների լուծման համար: Եթե պետք է կադրեր պատրաստել, ապա միայն որակյալ, իսկ որակ պետք է լինի ամենուր.շրջանավարտն իր գիտելիքներով և հմտություններով, հետազոտական գործողությունների արդյունքը, նաև բուհի բարոյահոգեբանական մթնոլորտը»:

Հանդիպման ընթացքում Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուզաննա Պետրոսյանը ներկայացրեց ֆակուլտետի հնարավորությունները, գործունեությունը, կատարված հետազոտական աշխատանքները, առկա և հեռակա համակարգում սովորող ուսանողների թիվը:

Դեկանը նկատեց՝ վերջին տարիներին աճել է հետաքրքրությունը «զինվորական հոգեբանություն» մասնագիտության նկատմամբ, իսկ ֆակուլտետը, ինչպես նախկինում, այսօր էլ, վարում է ուսանողակենտրոն քաղաքականություն:

Աշխատանքային հանդիպման ընթացքում ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ որոշ հարցերի վերաբերյալ բուհի ղեկավարին ներկայացրին իրենց նկատառումներն ու առաջարկները:

Հոգեբան-սոցիոլոգները համակարծիք են՝ իրենց ոլորտներն արագ զարգացող են, և բուհում պետք է ստեղծվեն մասնագիտական աճի համար հնարավոր պայմաններ՝ լաբորատորիաններ, գիտահետազոտական կենտրոններ, պրակտիկայի առավել լայն շրջանակ:

Հանդիպման ընթացքում բարձրաձայնվեցին նաև ուսումնական պլանների վերանայման, դասախոսների ծանրաբեռնվածության, լրացուցիչ կրթության ներդրման վերաբերյալ հարցեր:

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանն այն կարծքին է, որ նախագծերի իրագործման դեպքում սոցիոլոգիական և հոգեբանական արդյունքների հիման վրա կունենանք պրակտիկ ելքեր, կլուծվեն մի շարք խնդիրներ:

Վերջինս հավելեց նաև, որ ներկայացվող առաջարկներից կընտրվեն ամենաառաջնայինները` կարևորելով դրանց հետազոտական արդյունքներն ու պրակտիկ ելքերը: Պրոռեկտորը վստահեցրեց՝ արդեն իսկ կա որոշակի ձևակերպումներով ու առաջարկներով աշխատանքային տարբերակ, որը կվերանայվի համապատասխան խմբի կողմից:

Ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը մեկ անգամ ևս ընդգծեց՝ գիտելիք հաղորդելն ու մանկավարժությունը պետք է լինեն առաջնային, որակյալ կրթությունն ու ամուր կրթական համակարգի ստեղծումը՝ կարևորագույն: