ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխատանքային հանդիպում՝ T4GREEN-ի շրջանակներում
06.11.2024
Աշխատանքային հանդիպում՝ T4GREEN-ի շրջանակներում

ՀՊՄՀ-ում կայացավ Erasmus+ T4GREEN /Հայաստանում և Մոլդովայում մանկավարժական կրթության բարեփոխումը հանուն կանաչ և թվային անցման/ ծրագրի երկրորդ հանդիպումը։

Աշխատանքային փաթեթ երրորդի աշխատանքները ղեկավարում էր ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։  Ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության,  ՀՊՄՀ-ի, ԵՊՀ-ի, Շիրակի պետական համալսարանի, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, Կրթության քաղաքականության և կառավարման հայաստանյան կենտրոնի ներկայացուցիչներ։

Հիշեցնենք՝ «T4GREEN» ծրագիրը համակարգում է Մանկավարժական համալսարանը․ այն միտված է Հայաստանում և Մոլդովայում ուսուցիչների կրթության բարեփոխմանը, ինչը ենթադրում է հանրակրթության ոլորտում անցում կատարել ավանդականից ապագային միտված ուսումնական ծրագրերին՝ աջակցելով դասավանդման մեթոդներին, ազգային նպատակների իրագործմանը, «կանաչ» և թվային ուսուցմանը։

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին հայեցակարգի մշակման ընթացակարգը, կառուցվածքը, խնդիրների, նպատակների, առաջարկվող լուծումների և առավելությունների վերաբերյալ աշխատանքները, ինչպես նաև ակնկալվող վերջնաժամկետներն ու վերջնարդյունքները։

Մարիաննա Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտեց մանկավարժական կրթության հայեցակարգի հրատապությունը հայաստանյան կրթական համակարգի համար։ Նա ընդգծեց՝ ծրագրի ավարտից հետո էլ ստեղծված փաստաթուղթը պետք է ուղենիշ սահմանի Հայաստանում մանկավարժական կրթության զարգացման համար, իսկ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, լինելով կրթության ոլորտում  քաղաքականություն մշակող, առանցքային դեր կունենա և հայեցակարգում կներկայացնի Հայաստանում մանկավարժական կրթության արդի վիճակն ու  խնդիրները․ «Եվ հայեցակարգը, և մասնագիտական կրթական ծրագրերը, որոնք վերանայվելու են այս ընթացքում, միտված են մեր երկրում կրթության որակի բարելավմանն ու որպես պիլոտային ծրագրեր,  կօգնեն  ծրագրերի վերանայմանը»։

Հանդիպմանը քննարկվեցին նաև առարկայական ծրագրերի վերանայման, դրանք՝ կանաչ  և  թվային առաջնահերթություններին հարմարեցնելու հեռանկարները, եղան հարցադրումներ՝ աշխատանքների ընթացքի վերաբերյալ։

Նշենք, որ առաջին գործողությամբ Հայաստանում և Մոլդովայում նախատեսվում է մշակել մանկավարժական կրթության ազգային հայեցակարգ, որը համահունչ կլինի Եվրոպական միության կանաչ և թվային Եվրոպա առաջնահերթություններին, երկու երկրներում կսահմանի մանկավարժական կրթության զարգացման ուղենիշ։