ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Աշխատաշուկային անհրաժեշտ են մրցունակ մասնագետներ»
11.05.2017
«Աշխատաշուկային անհրաժեշտ են մրցունակ մասնագետներ»

ՀՊՄՀ-ի Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի նախաձեռնությամբ ապագա սոցիոլոգները հանդիպեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ:

«Սոցիոլոգիայի դերը և նշանակությունը սոցիալական և տնտեսական խնդիրների հաղթահարման գործում» թեմայով դասախոսության ընթացքում Գագիկ Մակարյանը խոսեց սոցիոլոգիական հարցումների կարևորության մասին և վստահեցրեց, որ դրանք հնարավորություն են ընձեռում որևէ հարցի վերաբերյալ ունենալ իրական պատկերացում, վերլուծել, կատարել եզրահանգումներ:

Անդրադառնալով ներկայիս աշխատաշուկային՝ Միության նախագահը նկատեց, որ գործատուների պահանջն ու մասնագետները չեն համապատասխանում միմյանց: Պետք է հաշվի առնել աշխատաշուկայի պահանջարկը, խթանել գործատու-երիտասարդ-ուսումնական հաստատություն համագործակցությունը: Գագիկ Մակարյանն ապագա սոցիոլոգներին հորդորեց ուսումնառությանը զուգահեռ պրակտիկա անցնել մի շարք կազմակերպություններում, ձեռք բերել փորձ, քանի որ գործատուի միջավայրում գտնվելը հոգեբանական կարևոր նշանակություն ունի:

Վերջինս անդրադարձավ նաև մեր երկրում երիտասարդների խնդիրներին և ուսանողներին հորդորեց ուսումնասիրել օտար լեզուներ՝ նկատելով, որ մասնագիտական ոլորտում որևէ բան հետազոտելուց առաջ նախ պետք է հաշվի առնել համաշխարհային փորձը. «Այսօրվա աշխատաշուկային անհրաժեշտ են մրցունակ մասնագետներ»,-վստահեցրեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը:

Հանդիպման ընթացքում Գագիկ Մակարյանը խոսեց նաև ՀՀ-ի տնտեսությունից, աշխատուժի արտադրողականությունից, երկրի գերակա ոլորտներից: