ՀՊՄՀ-ի Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Գետային բնակմիջավայրերի վիճակի գնահատման եվրոպական մոտեցումները կլիմայի գլոբալ ազդեցության և մարդկային ճնշումների ներքո» թեմայով աշխատաժողով։
Այդ առթիվ բուհում էին Լեյբնիցի անվան Բեռլինի քաղցրահամ ջրերի էկոլոգիայի և ներքին ջրերի ձկնաբանության ինստիտուտի կենսաբանական գիտությունների դոկտորներ Գաբրիելա Կոստեան և Մարտին Փուշը։
Եվրոպական մեծածավալ նախագծում ընդգրկված դոկտորները գնահատում են գետերի էկոլոգիական վիճակը, մեծ աշխատանք իրականացնում Դանուբի ավազանի ուղղությամբ և ոչ միայն։ Այդ նպատակով ստեղծվել է նաև ուղեցույց, որի շնորհիվ առավել մատչելի կներկայացվի էկոհամակարգի գործառույթը՝ խաթարման ընթացքի փոփոխությունները, հետևանքները, նաև՝ ինչու է անհրաժեշտ պահպանել այդ էկոհամակարգերը։ Մանկավարժական համալսարանից նույն ծրագրի մասնակից է Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու Մարինե Դալլաքյանը։
Աշխատաժողովի տեսական մասում դոկտոր Գաբրիելան, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնագետների մասնակցությամբ, ներկայացրեց գետային բնակմիջավայրերի վիճակի գնահատման եվրոպական չափանիշների գործնական կիրառումը։
Նա իր ելույթում ընդգծեց հասարակության իրազեկվածության կարևորությունը գետերի վերականգնման աշխատանքների օգտակարության վերաբերյալ ինչպես շրջապատող բնության, այլնպես էլ մարդկության համար։
Գաբրիելա Կոստեան, անդրադառնալով կլիմայի գլոբալ փոփոխության և մարդու ազդեցության ներքո գետային էկոհամակարգերի կենսամիջավայրի գնահատման եվրոպական չափանիշներին, մանրամասնեց, թե ինչու է կարևոր պահպանել գետային էկոհամակարգը, ինչ է այն մեզ համար, որոնք են էկոհամակարգի վրա ազդող ճնշումները, ինչպես կարելի է հասկանալ գետային էկոհամակարգն առողջ է , թե ոչ, գնահատման համար ինչպես կարելի է կիրառել գետի լանդշաֆտը և այլն։
Աշխատաժողովի տեսական մասն ամփոփվեց դաշտային աշխատանքով․ գործնական մասն անցկացվեց Հրազդան գետի Արգելի և Բջնիի դիտակետում՝ ֆակուլտետի ուսանողների, դասախոսների մասնակցությամբ։ Դիտարկվեցին մի շարք ֆիզիկական և կենսաբանական ցուցանիշներ։
Գաբրիելա Կոստեան կարևորեց աշխատաժողովին մանկավարժների և ապագա ուսուցիչների մասնակցությունը․ նրանք, ըստ դոկտորի, պետք է յուրացնեն տեսական ուղերձներն ու գետերի գնահատման արդյունքները՝ հետագայում դրանք ներկայացնելով իրենց աշակերտներին և նույն գործողություններն իրականացնելով տարբեր գետերում։
«Ուսանողները պետք է լինեն հասարակության ձայնը՝ տեսնեն, գնահատեն և բարձրաձայնեն, նաև ձեռնարկեն գետերի էկոհամակարգերի ինքնուրույն գնահատում»,-ամփոփեց բանախոսը։
Նշենք, որ աշխատաժողովն ուղեկցվեց ցուցահանդեսով․ «Բնությունը և մարդը» խորագիրը կրող ցուցադրությանը ներկայացված լուսանկարների հեղինակը ՀՊՄՀ շրջանավարտ Նաիրա Սարգսյանն է։ Վերջինս գործունեության շրջանակը լայն է․ կենսաբանոություն, լուսանկարչություն, բնապահպանական աշխատանքներ՝ համադրված գիտական գործունեության հետ, ինչը կարող է նպաստել ինչպես գիտության զարգացմանը, այնպես էլ շրջակա միջավայրի պահպանմանը։