ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշխատաժողովով ամփոփվեցին քառամյա ծրագրի արդյունքները
23.11.2024
Աշխատաժողովով ամփոփվեցին քառամյա ծրագրի արդյունքները

Մանկավարժական համալսարանում այսօր ամփոփվեցին «Ավելի լավ կրթություն ավելի լավ ապագայի համար» (BTBF) ծրագրի արդյունքները:

BTBF ծրագիրն իրականացվել է Ցյուրիխի (Շվեյցարիա) մանկավարժական համալսարանի հետ սերտ համագործակցությամբ։ Մանկավարժական համալսարանը ծրագրի համակարգողներից է:

Համաժողովին մասնակցում էին Հայաստանի, Շվեյցարիայի, Վրաստանի, Մոլդովայի ներկայացուցիչներն ու կրթության փորձագետներ, ուսուցիչներ և դասախոսներ՝ հայ գործընկերների հետ քննարկելու քառամյա ծրագրի արդյունքները, որոնք ուղղված են հանրակրթական համակարգի բարեփոխմանը։ 

Ծրագրի իրականացման ընթացքում մշակվել են կրթական բարեփոխումների արդի պահանջներին համապատասխանող ուսուցիչների, դասախոսների և ուսանողների վերապատրաստման ուսումնական միջոցներ։ Բացի այդ, իրականացվել են դասընթացներ դպրոցների տնօրենների և ուսուցիչների համար՝ ուղղված մանկավարժական մոտեցումների կատարելագործմանը։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ողջունեց ներկաներին և շնորհավորեց կարևորագույն ծրագրի ավարտի շրջանակներում կազմակերպված աշխատաժողովի առթիվ: «Մանկավարժական համալսարանը պարտավոր է մշտապես լինել ուսուցչի և սովորողի կողքին՝ կարևորելով իր առաքելությունը, պրոֆեսորադասախոսական կազմի պատրաստվածության և համընթաց զարգացման խնդիրները»,-նշեց ռեկտորն ու հավելեց, որ նոր փորձ ներդնելու, նոր ձևաչափով աշխատելու տեսանկյունից ծրագիրը հաջողված է։

Ռեկտորը փաստեց՝ ունեինք ծրագրային նոր մեթոդների, նոր մոտեցումների ու հնարավորությունների ներդրում կրթական համակարգում․ շվեյցարացի գործընկերները, կարևորելով մեր փորձը և ներդնելով հայկական կրթական համայնքում, վերապատրաստումների ձևաչափով մարզային այցելությունների շրջանակում վեր հանեցին առկա խնդիրները, առաջարկեցին նոր մեթոդական փաթեթ, որը հաջողված է՝ հաշվի առնելով դպրոցների և մեր գործընկերների արձագանքները:

«ՀՀ նոր չափորոշիչների ներդրմանը միտված աշխատանքները նպատակ ունեն ոչ միայն խորը և բազմակողմանի գիտելիք հաղորդել, այլև խթանել համագործակցային կարողություններ, քննադատական մտածողություն և ստեղծագործականություն։ Նպատակները բազմազան էին և փաստում են, որ մեթոդական մոտեցումներն ու փաթեթները հնարավորություն են տվել նոր մոտեցումներ ունենալ միջավայրի ստեղծման առումով, որտեղ յուրաքանչյուր ուսումնառող հնարավորություն կունենա սեփական ուսումնական հետագիծը կազմել և իմացական պահանջմունքին համահունչ՝ սեփական ուսումնական ուղին նախանշել»,-նկատեց ռեկտոր Գևորգյանն ու ընդգծեց ծրագրի շարունակականության անհրաժեշտությունը նոր միջավայրում՝ շվեյցարացի գործընկերների աջակցությամբ համընդհանուր կրթության զարգացման հարցերը լուծելու առումով:

ՀՊՄՀ աշխատակազմի և միջազգային գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն իր խոսքում ներկայացրեց համատեղ աշխատանքի արդյունավետությունն ու ընդգծեց նման նախաձեռնությունների կարևորությունը կրթական կապերի ամրապնդման համար։ Նա  վստահեցրեց՝ ուսուցիչներն արդեն կիրառում են ներդրված փորձը և այդ տեսանկյունից կարելի է ասել՝ ծրագիրը հաջողված է: 

Հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի ղեկավար Սուսաննա Ազատյանը շեշտադրեց՝ նմանօրինակ ծրագրերը մեծ աջակցություն և օգնություն են այսօրվա չափորոշիչների արդյունքներին հասնելու համար։ Բացի այդ, ծրագրի այն նպատակներն ու առանձնահատկությունները, որ առանձնանում են, շատ համահունչ են հանրակրթության համակարգում մերօրյա բարեփոխումներին: Նա հավելեց, որ արդեն իսկ ունեն ծրագրի շրջանակներում վերապատրաստված մանկավարժներ, կրթության առաջնորդներ ու կառավարիչներ: Սուսաննա Ազատյանը նաև ընդգծեց՝ այդ չափորոշիչները կյանքի կոչելու համար ուսուցիչ թողարկող բուհը պետք է պատրաստ լինի պատրաստել նման ուսուցիչներ, և վստահեցրեց, որ նման ծրագրերի շարունակականությամբ հասնելու ենք մեծ հաջողությունների և կրթական ոլորտի զարգացմանը:

Ներկաներին ողջունեց նաև Ցյուրիխի մանկավարժական համալսարանից ծրագրի համակարգող դոկտոր Կորիննա Բորերին, ով փաստեց՝ մեր հիմնական ռազմավարական ծրագրերից է միջազգային փորձը, որը կարող է կրթական ծրագրեր ապահովել: Նա կարևորեց գործընկերների հետ աշխատանքը, որը տալիս է փորձի փոխանակում և հավելեց, որ հանուն ապագայի բարեկեցություն ապահովող նախագիծը գրվել է 2020-ին․ այն նոր գաղափարների փոխանակման հնարավորություն էր։ Դոկտոր Բորերին ընդգծեց հատկապես հայ գործընկերների եռանդն ու նվիրումը գործընթացին և ավելացրեց, որ ծրագիրը հատուկ նպատակ ուներ Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի կրթական բարեփոխումներում ներդնել Շվեյցարիայի համալսարանի փորձը․ «Այս նյութերը մենք տալիս ենք, որ դուք դրանք ներկեք ձեր երկրների գույներով»:

Նա իր առաջին այցը Հայաստան անկյունաքարային համարեց, խոսեց ընթացքում հանդիպած մարտահրավերների մասին, որոնք, այնուամենայնիվ, համատեղ ուժերով հաղթահարվել են՝ հանուն ավելի լավ ապագայի:

«Ավելի լավ կրթություն՝ հանուն ավելի լավ ապագայի» նախագծի չորս տարվա արդյունքները ամփոփ ներկայացրեց ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն ու նշեց, որ ծրագիրը կարևոր քայլ է Հայաստանի կրթական համակարգի արդիականացման ուղղությամբ․ այն ոչ միայն ամրապնդեց միջազգային համագործակցությունը, այլև բարձր չափանիշներ սահմանեց նոր սերնդի ուսուցիչների վերապատրաստման համար։

«Շվեյցարական կրթական համակարգը շատ ճկուն է․ մենք վերցրեցինք նրանց ձեռնարկները և «գունավորեցինք» մեր գույներով: Իրականում մենք ստեղծեցինք այն, ինչը պետք էր հայ ուսուցչին։ Մեր՝ հետխորհրդային տարածքի երեք երկրների հետ պրակտիկ գիտելիքների փորձի հիման վրա իրականացվող ծրագիրը համակարգում էր Ցյուրիխը»,-նշեց Մարիաննա Հարությունյանն ու հավելեց, որ 2020 թվականին մեկնարկած ծրագրի արդյունքում ստեղծվել է 7 ձեռնարկ․ դրանք թարգանվել են, աշխատանք է տարվել մոդուլների վրա, անցկացվել են թրեյնինգներ։ Պրոռեկտորը վստահեցրեց՝ Մանկավարժականի մի խումբ դասախոսների շնորհիվ լավագույն վերջնարդյունքն արդեն իսկ կա։

Աշխատաժողովին ելույթ ունեցան նաև ծրագրի մյուս երկրների ներկայացուցիչները:

Մոլդովայից Մարին Դոլինտան ներկայացրեց Քիշնևի մանկավարժական համալսարանի փորձը, որտեղ շեշտադրել են մանկավարժի որակները՝ հենված հմտությունների ու գործնական կողմի վրա, իսկ Վրաստանից Նատիա Նատսվլիշվիլին էլ վստահեցրեց՝ ամեն ինչ արել են՝ հանուն ազգային կարիքների: Վերջինս խոսեց վրացական փորձի բաղադրիչների մասին, ներկայացրեց արդյունքները՝ վրացերեն ձեռնարկների ստեղծում և այլն: Ծրագրի շրջանակում իրենց ունեցած ներուժը ծառայեցրել են կրթական համակարգի բարեփոխմանը:

Ելույթ ունեցան ծրագրի ՀՊՄՀ-ից դասընթացավարներ Տիգրան Միքայելյանը, Սաթենիկ Սարգսյանը և Քրիստինա Թանաջյանը։ Տիգրան Միքայելյանը փաստեց՝ ծրագիրն ունի շոշափելի վերջնարդյունքներ և ընդգծեց համատեղ աշխատանքում փոխհարստացումը:

Համաժողովի շրջանակներում ներկայացվեցին ծրագրի արդյունքում ստեղծված ձեռնարկները, որոնք արդեն ներդրվում են ուսումնական գործընթացում։  Շվեյցարացի փորձագետ Ռոլֆ Գոլոբը վարպետության դաս անցկացրեց «Ուսանողի գործառույթների և նպատակների քննադատական ​​գնահատում» թեմայով, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում։ 

Ծրագրի մասնակիցներին տրվեցին հավաստագրեր։