ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշնանային ցուցադրություն Մանկավարժականում
08.11.2017
Աշնանային ցուցադրություն Մանկավարժականում

Բուհ-դպրոց համագործակցության շրջանակներում այսօր Մանկավարժական համալսարանում բացվեց «Աշնանային» խորագրով ցուցահանդես: Ուսանողների և աշակերտների համատեղ ցուցադրությունը նվիրված էր բուհի 95-ամյակին:

1-12-րդ դասարանների տարբեր դպրոցների աշակերտներ ցուցադրության էին ներկայացրել ջրաներկով և գուաշով արված շուրջ 100 ստեղծագործություն:

aspu.am-ի հետ զրույցում աշակերտները չթաքցրին իրենց ոգևորությունն ու ուրախությունը բուհում հյուրընկալվելու, ինչպես նաև ստեղծագործությունները համալսարանում ներկայացնելու համար: Նրանք հույս հայտնեցին, որ հետագայում ևս առիթ կընձեռվի ցուցադրվելու և ներկայացնելու նոր աշխատանքներ ու ստեղծագործություններ:

Ձեռնարկի նախաձեռնողները Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանն ու Կերպարվեստի ամբիոնի դոցենտ Ժաննա Խաչատրյանն էին: Վերջինիս կարծիքով՝ համալսարանում աշակերտական աշխատանքների ցուցադրությունը նպաստում է բուհի հանդեպ հետաքրքրության բարձրացմանը, իսկ ուսանողների հետ հանդես գալը՝ կրկնակի ոգևորում:

Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը վստահեցնում է, որ նման ցուցադրությունները երեխաների մոտ սեր են արթնացնում նկարչության, «Տեխնոլոգիա» առարկայի հանդեպ և ձևավորում գեղագիտական ճաշակ:

«Չնայած ներկայումս աշակերտները նախապատվությունը տալիս են տեղեկատվական տեխնոլոգիաներին, բայց մենք ձգտում ենք կարևորել ստեղծգործելն ու նոր շունչ հաղորդել նրանց ձգտումներին»,-հավելեց դպրոցի տնօրենը:

Նշենք, որ լավագույն աշխատանքներ ներկայացրած դպրոցներին տրվեցին շնորհակալագրեր: