ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Աշոտ Խոեցյան.«Երազանքն առաջ շարժվելու լավագույն գրավականն է»
31.08.2021
Աշոտ Խոեցյան.«Երազանքն առաջ շարժվելու լավագույն գրավականն է»

Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը հանդիպեց բուհի Ուսանողական խորհրդի անդամների, այդ թվում՝ ֆակուլտետների ուսանողական խորհուրդների նախագահների և տեղակալների հետ:

Հանդիպման նպատակն էր ծանոթանալ ուսանողական ակտիվին, նրանց գործունեությանն ու առաջիկա ծրագրերին.«Դուք երիտասարդ եք և շատ երազանքներ ունեք, իսկ երազանքն առաջ շարժվելու լավագույն գրավականն է: Այն առաջ է մղում, հասցնում հաջողությունների»,-նշեց Մանկավարժականի ռեկտորն ու հավելեց՝ երիտասարդ մնալու համար միշտ պետք է երազել, իսկ փորձառությունը կնպաստի իրականացնել դրանք:

Աշոտ Խոեցյանը ուսանողների հետ հանդիպման ընթացքում խոսեց վերջին տարիներին Մանկավարժական համալսարանի հաջողությունների ու առաջընթացի մասին՝ ընդգծելով, որ չպետք է սահմանափակվել ձեռք բերածով:

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, ով զբաղեցրել է տարբեր պաշտոններ և ունի հարուստ փորձ՝ վստահ է, որ ապագայի ուսուցիչը գիտելիքներ զուտ փոխանցողից պետք է վերածվի ավելի գործառնական հմտությունների տիրապետողի:

Ժամանակակից տեխնոլոգիաները լայն հնարավորություններ են տալիս սովորողների մեջ ձևավորելու հմտություններ, որոնցով կկարողանան կրթությունը դարձնել նաև շահութաբեր:

«Այսօր կրթության ոլորտի մասնագետներն ամենացածր վարձատրվողներն են, այնինչ անհրաժեշտ է բացահայտել բուհի բոլոր մասնագիտությունների բիզնես հնարավորությունները: Յուրաքանչյուր ժամանակ համապատասխան քայլեր է պահանջում. պետք է զարգացնել բիզնես մտածողությունն ու այն ծառայեցնել կրթության բովանդակության առաջընթացին»,-ընդգծեց Աշոտ Խոեցյանը:

Վերջինս ուսանողներին հորդորեց լինել ակտիվ. սա հետաքրքիր մտահղացումներն իրականացնելու լավագույն տարիքն է, իսկ փորձառության հարցում կօգնեն ժամանակակից տեխնոլոգիաները. «Մենք մտածողության փոփոխության կարիք ունենք: Իմ կյանքում երազանքը շատ մեծ տեղ ունի. այն մարդը, ով երազում է և դրան հասնելու քայլեր է անում, անշուշտ, մեծ ապագա ունի»,- հանդիպման ավարտին նշեց Աշոտ Խոեցյանն ու հիշեցրեց հայտնի ճշմարտությունը՝ առանց ուսանողի բուհի հնարավոր զարգացումների տեսլականը չի կարող իրականություն դառնալ:

Ռեկտորն ուսանողներին հորդորեց հետևողականորեն խորացնել մասնագիտական գիտելիքները, սովորել օտար լեզուներ և չկորցնել երազելու ունակությունը: