ՀՊՄՀ համար 57 հիմնական դպրոցի 1-ին «Աստղիկների»-ի համար այսօր իրական տոն էր․ Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում կայացավ նրանց «Հրաժեշտ այբբենարանին» միջոցառումը։
Բանաստեղծություն, երգ, պար և այլ համարներ, որոնց կենտրոնում հայ գիրն ու տառն էր, հայրենիքն ու դպրոցը։
«Աստղիկները» հուզված էին, բայց ոգևորված և վստահ՝ տառաճանաչությունն է լինելու այն հիմնասյունը, որն ավելի է ամրացնելու դարեդար փոխանցված գրի արժեքն ու իմաստը։
Հայրենիքին, մայրերին, դպրոցին, մաշտոցյան գրին նվիրված երգերն ու բանաստեղծությունները թոթովախոս «աստղիկների» շուրթերից հնչում էին իբրև աղոթք, որ ինքնին կենարար ուժ է՝ հայի ոգին ամուր պահելու, հայի տեսակն անկոտրում պահելու համար։ «Աստղիկներ»-ից յուրաքանչյուրը մի խորհրդանիշ է՝ բարության, ազնվության, անպարտելիության, ընկերասիրության, հայրենասիրության․ ամուր հայրենիքն այսպես են պատկերացնում փոքրիկ աբովյանականները։
Միջոցառմանը մասնակցում էին նաև ավագ դպրոցականներ, որոնք դասվար Տաթևիկ Աբրահամյանի տարբեր տարիների սաներն էին։ Դասվարի կարծիքով՝ սա ընկերասիրության յուրատեսակ կամուրջ է, որի շնորհիվ աբովյանականների կրտսեր և ավագ սերունդները կարող են վաղվա լավ օրը երաշխավորել։
Դպրոցականները խոստովանեցին՝ համար 57 դպրոցի գրկում իրենց ապահով ու երջանիկ են զգում, ապա խոստացան հիշել և հպարտանալ, որ հենց այս դպրոցի սանն են։ Միջոցառման ավարտին «աստղիկները» բեմում ձևավորեցին ազգի լինելիության խորհրդանշական ծառը՝ կամքի, ազնվության, նվիրումի, հայրենասիրության սաղարթներով, ու երդվեցին՝ անաղարտ պահել մայրենի լեզուն։
«Այբբենարանի տոնը հին, բայց ոչ հնացած տոն է։ Սա այն ավանդույթներից է, որ արժե պահել, պահպանել և շարունակել։ Մաղթում եմ նոր ձեռքբերումներ և հաջողություններ»,-միջոցառման ավարտին երեխաներին շնորհավորեց համար 57 դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանն ու նկատեց, որ ներկա բարդ ժամանակներում դպրոցի ուսուցիչները կարևորում են հայ մարդ մնալու խնդիրը։
Երեք տասնամյակի մանկավարժական փորձառությամբ դասվար Տաթևիկ Աբրահամյանն ամեն դասարանի հետ նորովի է բացահայտում սերունդներին․ «Այս դպրոցում «տառաճանաչ» հինգերորդ դասարանն է՝ մեկը մյուսից խելացի, պատրաստված ու զարգացած։ Ամեն դասարան իր գույնն ու մոտեցումն ունի, բայց բոլոր սաների մեջ ես ձգտում եմ ընկերասիրություն և համերաշխություն սերմանել»,-նշեց Տաթևիկ Աբրահամյանն ու շնորհավորեց աշակերտներին և ծնողներին՝ մաղթելով հաջողություններ և երազանքների իրականացում։