ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Աստղիկները» հրաժեշտ տվեցին այբբենարանին
21.05.2021
«Աստղիկները» հրաժեշտ տվեցին այբբենարանին

ՀՊՄՀ համար 57 հիմնական դպրոցում մայիսի 21-ը տոնական էր. 1-ին դասարանի «Աստղիկները» ներկայացրին «Հրաժեշտ այբբենարանին» հանդես-միջոցառումը:

Դասվար Տաթևիկ Աբրահամյանի գլխավորությամբ փոքրիկներն հրաժեշտի հանդեսն իսկական տոնի վերածեցին՝ ասմունք ու երգեր ձոնելով Մեսրոպ Մաշտոցին,  ոսկեղենիկ մայրենիին, ուսուցիչներին ու սահմանին կանգնած հայ զինվորին:

Թոթովախոս, հուզված ու ոգևորված «Աստղիկների» համար առաջին հանդեսն իսկական իրադարձություն էր. տառաճանաչությունն այն հիմնաքարն է, որով  նրանց մեջ ձևավորվում է ընտանիքի, մայրիկի, ազգի ու հայրենիքի հանդեպ սերն ու հավատը: 

Մայրիկներին, մայր հայրենիքին նվիրված երգերն ու բանաստեղծությունները փոքրիկների շուրթերից հնչում են պարզ ու մաքուր, զուլալ ու անկեղծ. ուսուցիչների, ծնողների ու բոլոր ներկաների առջև նրանք առատորեն սփռեցին իրենց մանկական հոգիների ջերմությունը, որ երկար թևածում է դպրոցի բակում:

Դպրոցականները վստահեցրին` չեն մոռանա այն սիրասուն գիրքը, որով տառաճանաչ են դարձել, հայոց գրերն իբրև զենք ունեցել: Հպարտությամբ նաև բարձրաձայնում են, որ քայլ առաջ են արդեն ու դեռ որքան քայլեր են անելու դեպի առաջ` գիտելիքների աշխարհ, որտեղ ուսուցիչներն գաղտնիքներ են բացելու նրանց առջև:

«Աստղիկներն» առայժմ առաջին քայլն արեցին. տառերը նրանց համար ոչ միայն զենքեր են, այլև զինվորներ, որոնցով էլ հայ ազգը դարեր շարունակ պայքարել է ու հաղթել, ամրացրել իր հավատն ու սերը, փոխանցել սերունդներին:

«Անարդարորեն կիսատված բոլորիս տունը թող դառնա լիարժեք, վերագտնի իր խաղաղ ու ստեղծագործ ընթացքը, թող թշնամու ճիրաններում գտնվող մեր քաջարի տղաներն անփորձանք տուն վերադառնան: Ու խաղաղությունը կթևածի մեր երկրում»,-նշեց դասվար Տաթևիկ Աբրահամյանն ու շնորհավորեց իր սաներին` նրանց հետ երկինք ճանապարհելով ճերմակ փուչիկներ ու աստղիկներ` ի նշան երազանքի ու խաղաղության իրականացման:

Դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը ևս շնորհավորեց փոքրիկներին ու նրանց դասվարին՝ մաղթելով խաղաղ ու անամպ երկինք: