ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սրբուհի Գևորգյանն այսօր պետական ավարտական գերազանցության դիպլոմներ հանձնեց 2021-22 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի 13 մագիստրոսի. շրջանավարտների ընդհանուր թիվն այս տարի 80-ն է:
Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց հիշարժան օրվա առթիվ՝ ընդգծելով, որ դիպլոմների հանձնման արարողությունը բուհի համար մշտապես եղել և մնում է կարևոր իրադարձություն. «Մասնագիտական որոշակի ուղերձով ճանապարհում ենք մեր գործընկներին, որոնք կրթական հաստատություններում տարբեր մասնագիտությունների գծով ներկայացնելու են բուհը՝ ձեռնամուխ լինելով լուծել ոլորտի մի շարք խնդիրներ: Սպասում ենք նոր ձեռագրաբանության, մեթոդաբանական մոտեցումների և համոզված ենք՝ որակական առումով գերազանցելու եք մինչև ձեզ արած նախորդ բոլոր փորձերը»,-նշեց բուհի ռեկտորը՝ շրջանավարտներին մաղթելով նոր մղումներով ոգեշնչված հաջողոթյուններ:
Ուսումնական գործընթացների գծով նորանշանակ պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանն էլ հավելեց` դիպլոմների հանձնման օրը պատահական չէ ընտրված. միամսյակի մեկնարկն ու տոնական տրամադրությունը թող շրջանավարտներին ուղեկցի ողջ կյանքի ընթացքում:
Գերազանցության դիպլոմով Մանկավարժական համալսարանն այս տարի ավարտեց նաև Լոս Անջելեսի բնակիչ, Մարի Մանուկյան-Դեմիրճյան վարժարանի ուսուցիչ Անի Քեշիշյանը:
2017 թվականին Հայաստանում մասնակցել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրին, ապա որոշել կրթությունը շարունակել ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետում:
Ինչպես Անին է ասում՝ տարածությունը չխանգարեց. կանաչ լույսն այդ օրվանից վառվեց, իսկ այսօր արդեն բարձր տրամադրությամբ իր ձեռքբերումն է տոնում պրոֆեսորադասախոսական կազմի և ընկերների հետ:
Հայոց լեզվի և գրականության սփյուռքահայ ուսուցչուհին տպավորված է դասախոսների հմտություններից և բուհում ստացած իր կրթությունից. կարծում է, որ Սփյուռքը պետք է անմիջական մասնակիցը լինի հայրենիքի զորացմանը, իսկ ինքը կանի հնարավոր ամեն ինչ՝ լեզուն և գրականությունը հայրենիքից դուրս տարածելու համար:
«Հավերժ ուսանող» Լիլիթ Գրիգորյանն արդեն 17 տարի Մանկավարժականի ուսանող է: Սկզբում նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն, ապա հոգեբանություն և մանկավարժություն, իսկ այսօր արդեն տարրական մանկավարժություն և մեթոդիկա մասնագիտությունը ձեռք բերած շրջանավարտն անկեղծանում է՝ ուսուցիչ դառնալու երազանքն այլևս իրականություն է:
Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան համար 153 հիմնական դպրոցի դասվարին այլևս ոչինչ չի խանգարում զբաղվել սիրելի մասնագիտությամբ և ստանձնել ուսուցչի վեհ առաքելությունը: