Մանկավարժական համալսարանը՝ նորաձևության կենտրոն․ բուհի Ալեք Մանուկյան 13 հասցեում կայացավ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի հագուստի մոդելավորում բաժնի 22 ուսանողի ավարտական աշխատանքների ցուցադրությունը:
Հավաքածուները ներկայացրեցին ինչպես ուսանող-շրջանավարտները, այնպես էլ հրավիրյալ պրոֆեսիոնալ մոդելներ։
Ապագա մոդելավորողները հավաքածուներում ներկայացրել էին ուսումնառության ընթացքում ձեռք բերված գիտելիքները, տարբեր գործվածքների հետ աշխատելու հմտությունները, ընդգծել սեփական ոճային նախասիրությունները։ Հատկանշական է, որ այս տարի ևս հավաքածուներում շեշտադրել են ազգայինը՝ ժամանակակից նոր լուծումների և հագուստի ստեղծման տարբեր տեխնիկաների համադրությամբ։
Թեմայի ընտրություն և ուսումնասիրություն, էսքիզներ, շտկումներ, ցուցադրության նախապատրաստում և ցուցադրություն․ սրանք այն փուլերն են, որոնցով անցնում են նաև պրոֆեսիոնալ դիզայներները հավաքածուներ ներկայացնելիս։ Եւ ցուցադրության կազմակերպումն է, որի ընթացքում ուսանողները գործնականում կիրառում են իրենց ստացած գիտելիքներն ու հմտությունները։
Ուսանողների աշխատանքները ղեկավարել են դասախոսներ Հռիփսիմե Մարոնյանը, Գայանե Եղիազարյանը, Աննա Դավթյանն, Սոնա Սագրադովան ու Արամ Նիկոլյանը:
Հանձնաժողովի նախագահը ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանն է։ Ի դեպ, նա Մանկավարժական համալսարանի Կերպարվեստի բաժնի առաջին շրջանավարտն է։ Հանձնաժողովի կազմում են Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Միության քարտուղար Վահագն Գալստյանը, Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն ու Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը։
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց շրջանավարտներին և հույս հայտնեց, որ այս ցուցադրությունը կարևոր փորձառություն ու գրավական կլինի մասնագիտական ճանապարհին։
«Մասնագիտությունն ընտրելիս վստահաբար երազել եք այսօրվա մասին, որտեղ պետք է իրագործեիք ձեր գաղափարները, ստեղծագործական մտահղացումները։ Ձեզ հաջողվեց գույների, հոգեվիճակների, մոտեցումների և ինքնության յուրատեսակ դրսևորումների շնորհիվ հաճույք պատճառել ներկաներին»,-նշեց ռեկտորն ու մաղթեց հաջողություններ։
Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանն aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչ պրոֆեսիոնալ ցուցադրությունը երկրորդ կիսամյակի ընթացքում հաճախ են քննարկումներ ունեցել, հանդես եկել առաջարկներով, որ ցուցադրության ներկայացվեն հնարավորինս պրոֆեսիոնալին մոտ աշխատանքներ։ Վերջինս գոհ է շրջանավարտների գործնական հմտություններից, իսկ տեսական գիտելիքները կգնահատեն ցուցադրության հաջորդ օրը․ սա այս տարվա նորամուծությունն է։
Դեկանն այն կարծիքին է, որ նման ցուցադրությունները երկուստեք կարևոր են և արդյունավետ․ «Այսպես առավել շոշափելի է երևում բուհի և մասնագիտության կրթական վերջնարդյունքը։ Բացի այդ, ապագա մոդելավորողները բուհից են սկսում մասնագիտական պրոֆեսիոնալ ուղին»,-նշեց Արա Հակոբյանն ու հավելեց, որ նպատակ ունեն տարբեր տարիների շրջանավարտների լավագույն հավաքածուները ներկայացնել մայրաքաղաքի առավել բանուկ վայրերում՝ մասնակիցը դարձնելով նաև նորաձևության սիրահարներին։
«Սկզբունք ենք որդեգրել, որ աշխատանքներում ժամանակակից լուծումների հետ պարտադիր ներկայացվի ազգայինը՝ ասեղնագործությունից մինչև զարդանախշեր․ մեր օրերում սա առավել քան կարևոր է»,-նշեց Արա Հակոբյանն ու ուրախությամբ նկատեց, որ հագուստի մոդելավորումը բաժինը շարունակում է մնալ բուհի պահանջված մասնագիտությունների ցանկում։