ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ավարտական վկայական՝ 2417 շրջանավարտի
02.07.2018
Ավարտական վկայական՝ 2417 շրջանավարտի

Այսօր հանդիսությամբ ավարտական վկայականներ հանձնվեցին Մանկավարժական համալսարանի 2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտներին:

Մեկ օրում բուհի առկա և հեռակա համակարգում բակալավրի և մագիստրոսի դիպլոմ ստացավ 2417 շրջանավարտ. բարձր առաջադիմություն ունեցող լավագույն 20-ին դիպլոմներ հանձնեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

ԿԳ նախարարը շնորհավորեց այս տարվա շրջանավարտներին և վստահեցրեց, որ ավարտական վկայականը փաստում է կյանքում մի էջ փակելու և նոր էջ բացելու կարևոր ժամանակաշրջանը:

«Դուք դեսպաններ եք կրթական տարբեր հաստատություններում և հավատացեք, որ ձեր գործունեությունից շատ ավելին է կախված, քան դուք կարող եք պատկերացնել. այն նման է մի ողջ կառավարության գործունեության: Ձեզանով է պայմանավորված, թե ինչպիսին կլինի մեր աշակերտը, նա դպրոցից դուրս կգա անկա՞խ, կաղապարվա՞ծ, քննադատո՞ղ, վերլուծո՞ղ, թե՞ անգիր անող»,-նշեց նախարար Հարությունյանն ու վստահեցրեց, որ այս ուղղությամբ շատ անելիքներ ունեն ապագա մանկավարժները:

Արայիկ Հարությունյանը խոսեց նաև կրթության՝ որպես ազգային անվտանգության խնդրի մասին և հավելեց, որ պետք է միասին սկսել ուսուցչի հեղինակությունը բարձրացնել. այդ գործում Մանկավարժական համալսարանը ևս մեծ դերակատարություն ունի:

Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ևս շնորհավորեց շրջանավարտներին և կարևորելով ուսուցչի դերակատարությունը՝ նշեց. «Մարդն իր կյանքում անպայման ունենում է ուսուցիչ, և բոլորիս հիշողության մեջ, հոգում մեր ուսուցիչները մնում են վառ կերպարներ: Նույնիսկ մանկատներում և ծնողներ չտեսած մարդիկ ունեն ուսուցիչ»,- նշեց Սրբազանն ու հավելեց, որ ուսուցչի կոչումը միայն գիտելիք հաղորդելը չէ:

Տ. Նաթան արքեպիսկոպոսն ապագա մանկավարժներին վստահեցրեց նաև, որ ուսուցչի կոչումը մարդ՝ հոգեբանորեն արարելն ու ստեղծելն է, անձ կերտելը. այսպես կերտում ենք մեր ազգն ու դրա ապագան:

«Մաղթում եմ, որ ձեր ապագա աշակերտներին սիրեք այնպես, ինչպես դուք ցանկացել եք ձեզ սիրեն և կտեսնեք, որ թերացումները շատ քիչ են»,-նշեց Սրբազանն ու ապագա մանկավարժներին հորդորեց գործել այնպես, որ աշակերտներն իրենց հիշեն լույսի ու ժպիտի մեջ:

Բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Աննա Սարգսյանը ուսանողների անունից շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը՝ ուսանողակենտրոն քաղաքականության համար և ընդգծեց, որ այդ խթան է հանդիսացել գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացման ճանապարհին:

«Մանկավարժական համալսարանում մենք ստացանք կայուն գիտելիքներ, փորձ և հմտություն, որոնք ծառայեցնելու ենք ի նպաստ մեր հայրենիքի զարգացմանն ու բարգավաճմանը: Ուրախ ու հպարտ ենք, որ այս բուհի ուսանողն ենք եղել. խոստանում ենք բարձր պահել բուհի վարկը և երբեք չմոռանալ, որ մեր երազանքի հիմնաքարերն այստեղ են դրվել: Նոր Հայատսանը սպասում է մեզ»,-նշեց շրջանավարտ Աննա Սարգսյանը:

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը շարունակվեց տոնական համերգով: Ելույթներով հանդես եկան Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան, Մանկավարժական համալսարանի Երաժշտության մանկավարժության ամբիոնի ջութակահարների և Պարարվեստի մանկավարժության ամբիոնի անսամբլները: