ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ավարտական վկայական՝ ՀՊՄՀ-ի 2416 շրջանավարտի
01.07.2019
Ավարտական վկայական՝ ՀՊՄՀ-ի 2416 շրջանավարտի

Այսօր հանդիսությամբ ավարտական վկայականներ հանձնվեցին Մանկավարժական համալսարանի 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտներին:

Մեկ օրում բուհի առկա և հեռակա համակարգում բակալավրի և մագիստրոսի դիպլոմ ստացավ 2416 շրջանավարտ. գերազանց առաջադիմություն ունեցողներից լավագույն 21-ին դիպլոմներ հանձնեց ՀՀ ժողովրդական արտիստ, հռչակավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

«Հրաշալի օր է այսօր. ավարտվում է կյանքի մի փուլ և սկսվում է մեկ ուրիշը, երբ մանկավարժի այնքան բարձր կոչումի եք արժանանում: Մանկավարժության հիմքում մի հսկայական բուհական համակարգ է, որ կրում է հայ ժողովրդի համար սուրբ անուններից մեկը՝ մեծն Խաչատուր Աբովյանի անունը»,-նշեց Տիգրան Մանսուրյանն ու աբովյանականներին հորդորեց տարբեր մասնագիտությունների շրջանակում իրենց ստացած գիտելիքները ծառայեցնել երկրին, նոր սերնդին և հայոց լեզվին:

Մաեստրոն ևս մեկ անգամ շնորհավորեց շրջանավարտներին և մաղթեց կանաչ ճանապարհ, անհոգություն և մասնագիտությանն արժանի աշխատանքային վայելք:

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի մագիստրոս Գագիկ Ավետիսյանը ուսանողների անունից շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը՝ ուսանողակենտրոն և անաչառ քաղաքականության, իսկ պրոֆեսորադասախոսական կազմին՝ բարձր գիտելքիներով և կարողություններով զինելու համար:

«Մեզանից ոմանք տարիներ անց կհամալրեն ուսուցիչների բանակը. խոստանում ենք բարձր պահել ուսուցչապետի անունը կրող բուհի բարի համբավն ու ավանդույթները»,-նշեց շրջանավարտ Գագիկ Ավետիսյանը:

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը շարունակվեց տոնական համերգով: Ելույթներով հանդես եկան Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Նորայր Դավթյան, Մանկավարժական համալսարանի Երաժշտության մանկավարժության ամբիոնի «Ավե Մարիա» երգչախումբը և Պարարվեստի մանկավարժության ամբիոնի անսամբլները: