ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ավարտական վկայականներ՝ Բակո Սահակյանից
03.07.2017
Ավարտական վկայականներ՝ Բակո Սահակյանից

«Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին կյանքի կարևոր այս իրադարձության՝ ՀՀ ամենահեղինակավոր բուհերից մեկն ավարտելու կապակցությամբ: Այս արարողությունը միաժամանակ ուրախալի է և հուզիչ. ուրախալի, քանի որ բարձր առաջադիմությամբ, խորը գիտելիքներով, անհրաժեշտ փորձով ավարտել եք համալսարանը, հուզիչ, որովհետև հրաժեշտ եք տալիս հարազատ կրթօջախին, սիրելի դասախոսներին»,-այսօր Մանկավարժական համալսարանում ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը նշեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Հայկական երկրորդ հանրապետության նախագահի համոզմամբ՝ բարձրագույն կրթություն ստանալու հետ մեկտեղ Մանկավարժականի շրջանավարտների մոտ այս տարիների ընթացքում ձևավորվել է որակյալ կրթություն ստանալու անհրաժեշտ վստահություն, ինչը թույլ կտա արժանի տեղ զբաղեցնել կյանքում.« Դուք ստանձնում եք կարևոր առաքելություն՝ կրթել ու դաստիարակել սերունդներ և գործուն մասնակցություն ունենալ մեր երկրի կրթության, գիտության, մշակույթի և այլ ոլորտների զարգացման, հզորացման գործում: Դա մի ճակատ է, որտեղ նույնպես կերտվում է ու կոփվում է ազգի ապագան, նրա պաշտպանունակության և հարատևման համակարգը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը»:

Բակո Սահակյանն ընդգծեց, որ ՀՊՄՀ-ի սաներն ակտիվ մասնակցություն են ունեցել հայրենիքի պաշտպանության սուրբ գործում և վստահություն հայտնեց, որ բուհի շրջանավարտները բարձր կպահեն այն կրթօջախի պատիվն ու համբավը, որի ավանդն ու դերակատարությունը հայ ժողովրդի գիտակրթական կյանքում անգնահատելի է:

Արցախի Հանրապետության նախագահը որպես խրախուսանք Մանկավարժական համալսարանի գերազանց առաջադիմությամբ շրջանավարտներից 21-ին հանձնեց դրամական պարգևներ:

Ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, բուհի պրոֆեսորոդասախոսական կազմը, ուսանողներ:

ՀՊՄՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորանքի իր խոսքում նշեց, որ այս օրը նշանակալի է բուհի համար. 2700 շրջանավարտ ստանալու է ավարտական վկայականներ, մանկավարժական և մշակութային գործունեություն ծավալելու ամենատարբեր ոլորտներում. «Օրը կրկնակի նշանակալի է, քանի որ լավագույններից լավագույն 21-ին դիպլոմներ է հանձնում Արցախի Հանրապետության նախագահը: Պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների անունից հավաստիացնում եմ՝ մեր բոլոր գործերում, որտեղ էլ իրականացնելիս լինենք, գիտակցում ենք, որ Արցախը մեր ազգային մեծագույն նվաճումն է, և մեզնից յուրաքանչյուրը կանի հնարավորը հայկական երկրորդ հանրապետության անկախության և ամրապնդման համար»:
2016-2017 ուսումնական տարվա առկա և հեռակա համակարգում բակալավրիատի եւ մագիստրատուրայի շրջանավարտներին մայր եկեղեցու Ս. Էջմիածնի օրհնությունն ու իր հայրապետական խոսքը հղեց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Հոգևոր առաջնորդը նկատեց՝ մեր հոգիները լցված է ոչ միայն ուրախությամբ, այլև ազգային հպարտությամբ, քանզի մենք մեր վրեժխնդրությունն այսօր լուծում ենք 2700 շրջանավարտներով, մեր դպրոցների և երեխաների կրթության մշակների շարքերը համալրելով.«Վստահությամբ կարող եմ ասել, որ մեր թշնամին նախաձից կսատկի՝ տեսնելով այս ամենը: Ձեր կյանքի բոլոր ժամանակերում Աստծո ժպիտը, մեր հայրերի հավատքը, նրանց հույսի տենչը, լավ ապագայի, հույսի ու փարոսի վստահությունը թող ուղեկցի ձեզ: Բոլորիս մաղթում եմ խաղաղ հայրենիք, բարգավաճ ժողովուրդ և, անշուշտ, պայծառ ապագա: Կեցցե Հայասատանը, հայ ժողովուրդը և հայ մանկավարժ-մշակը»:

ՀՊՄՀ-ի Օտար լեզուների ֆակուլտետի մագիստրոս Լիլիթ Անտինյանը շրջանավարտների անունից շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանն ու դասախոսական կազմին՝ կյանքի վառ ու անմոռանալի օրերի համար:

Վերջինս ընդգծեց՝ Համալսարանը տվել է գիտելիքներ, նպաստել ունակությունների ու հմտությունների զարգացմանը, սովորեցրել միասին հաղթահարել դժվարությունները, նայել առաջ ու ձգտել դառնալ ավելի լավը.«Վստահեցնում եմ՝ այստեղ ստացած արժեքավոր գիտելիքներն ու փորձը կդառնան ամուր հենք՝ մեր հետագա անելիքների համար: Դուք մեզ տվել եք ոչ միայն կայուն գիտելիքներ, այլև սերմանել եք հստակ վերաբերմունք մեր մասնագիտության հանդեպ, ուսումնառության ընթացքում ուժ եք տվել ու հոգ տարել մեր մասին: Մեր հարազատ բուհին մաղթում ենք առաջընթաց և զարգացում. թող ամեն տարվա հետ լավերին փոխարինելու գան ավելի լավերը՝ ստացած գիտելիքները մեր հայրենիքին ծառայեցնելու պատրաստակամությամբ և ավագների ստեղծածը բազմապատկելու վճռակամությամբ»:

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը շարունակվեց համերգային ծրագրով. հանդես եկավ համալսարանի փողային նվագախումբը, բուհի ազգային նվագարանների նվագախումբը, Կուլտուրայի ֆակուլտետի երաժիշտ դասախոսների քառյակը, պարային բաժնի ուսանողները, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր, Գեղարվեստական կրթության ֆակուլտետի «Ավե Մարիա» իգական երգչախումբը:

Նշենք, որ այսօր հանդիսավոր պայմաններում ավարտական վկայականներ հանձնվեցին նաև բուհի 10 ֆակուլտետների բոլոր շրջանավարտներին: