ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ավարտական վկայականներ՝ ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի սաներին
02.06.2020
Ավարտական վկայականներ՝ ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի սաներին

Դիմակներ, ձեռնոցներ, պաշտպանիչ միջոցներ, ուսուցիչների հետ հանդիպելու, ավարտական վկայականներ ստանալու անսովոր ու բացառիկ պայմաններ․ ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի սաներն այս իրավիճակում ստացան 12-ամյա կրթությունը հավաստող փաստաթղթերը։

5 հոսքի 122 աշակերտ այն ավարտում է աննախադեպ՝ արտակարգ դրության պայմաններում։ Այս օրերին վարժարանցիներն իրենց ուսուցիչներին հրաժեշտ տվեցին հեռավար՝ վստահեցնելով, որ մշտապես բարձր կպահեն հարազատ կրթօջախի բարի համբավը։ Միայն ավարտական վկայականը առիթ հանդիսացավ որպես աշակերտ վերջին անգամ լինել վարժարանում և ունենալ հուզառատ, հիշարժան և շատ կարևոր օր։

 «Սիրելի՛ շրջանավարտներ, ուզում եմ, որ այդ դիմակն իր առաքելությունը շատ շուտ ավարտի, ձեր ողջ կյանքում միշտ ներկայանաք ձեր իրական դեմքով և դիմակ կրեք միայն դիմակահանդեսի ժամանակ։ Անկախ ստեղծված իրավիճակից՝ ուզում եմ, որ վստահ քայլերով գնաք դեպի ձեր իղձերի ու նվիրական երազանքների կատարմանը։ Վստա՛հ եղեք, հավատալու և այդ երազանքները ձեր մեջ վառ պահելու դեպքում դրանք անկասկած կիրականանան»,-ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի շրջանավարտների շնորհավորական ուղերձում նշում է տնօրեն Նաիրա Սաֆարյանը։

Վարժարանի տնօրենը խոստովանում է՝ ավարտական վկայական հանձնելն ու հրաժեշտ տալը, չգրկախառնվելը, ժպիտներ և ջերմություն չփոխանցելը դժվար էր պատկերացնել, սակայն երկուստեք փորձել են հաղթահարել․ այդպես էր թելադրում ստեղծված իրավիճակը․

«Դիմակի տակ քողարկված այդքան թանկ ժպիտներ, իրական ջերմություն փոխանցելու ողջ ծանրությունը թողեցինք դիմակից դուրս՝ թաց աչքերի վրա»,-նշեց Նաիրա Սաֆարյանը։

www.aspu.am-ի հետ զրույցում վարժարանի սաների մեծ մասը վստահեցնում են՝ իրենց ուսումը շարունակելու են Մանկավարժական համալսարանում, քանի որ վստահում և հավատում են մանկավարժական մայր դարբնոցի ավանդույթներին ու որդեգրած սկզբունքներին։

Լուսանկարը՝ Արխիվից