«Ավարտական վկայականը պետք է վարկանիշ ունենա: Մանկավարժական համալսարանը նկատելիորեն բարելավել է կրթական որակը, բայց մենք ձգտում ենք առաջ քայլել»,-այսօր հեռակա համակարգի ավարտական կուրսերի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
Ավարտական ամփոփիչ ատեստավորման քննություններից առաջ ռեկտորը խորհուրդ տվեց պարապել, հենվել միայն սեփական գիտելիքների վրա՝ վստահ լինելով, որ հանձնաժաղովի անդամները ուսանողին գնահատելիս լինելու են առավելագույնս օբյեկտիվ:
Ռուբեն Միրզախանյանն այս անգամ ևս խոսեց քննությունների նոր՝ էլեկտրոնային ձևաչափի մասին և վստահեցրեց, որ քննական այս ձևն ունի մի շարք առավելություններ՝ գնահատականը տեղում իմանալուց մինչև հանձնաժողովի անդամների օբյեկտիվություն: Ռեկտորը հանձնարարեց ֆակուլտետների դեկաններին կազմակերպել խորհրդատվություններ և ուսանողներին զինել քննություններին պատրաստվելու համար անհրաժեշտ տեղեկություններով:
Հեռակա համակարգի ավարտական կուրսերի հետ հանդիպման ընթացքում Ինֆորմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Սամվել Ասատրյանն էլ մանրամասնեց քննության էլեկտրոնային նոր ձևը և պատասխանեց դրա հետ կապված ուսանողների հարցերին: