ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ավարտվեց «Ամառային դպրոց-2017» միջազգային ծրագիրը
23.08.2017
Ավարտվեց «Ամառային դպրոց-2017» միջազգային ծրագիրը

Աղավնաձորի ուսումնական բազայում կայացավ «Ամառային դպրոց» միջազգային ծրագրի պաշտոնական փակումը:

Մանկավարժական համալսարանի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՄՀ-ի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ արդեն հինգերորդ տարին կազմակերպվող ծրագրին մասնակցում էին 5 երկրների՝ Լիտվայի, Հունգարիայի, Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության, Արցախի Հանրապետության համալսարաններից ու Մանկավարժական համալսարանից 90 ուսանողներ:

Ծրագրի ընթացքում կազմակերպվեցին այցեր պատմամշակութային վայրեր, զրույց-քննարկումներ, խաղեր և հանդիպումներ: Գառնի, Գեղարդ, Էջմիածին, Սևանի թերակղզի, Ծաղկաձոր և Դիլիջան. 10 օր շարունակ ծրագրի մասնակիցները շրջեցին Հայաստանի մի շարք պատմամշակութային վայրերում, ծանոթացան հայոց պատմությանը, հայ երիտասարդների ուսանողական կյանքին, ունեցան մի շարք հանդիպումներ, քննարկումներ:

Փակման հանդիսավոր արարողության ընթացքում 6 խմբերի բաժանված ծրագրի մասնակիցները ներկայացրին առանձին հոլովակներ, երգեր, պարեր, բեմադրություններ` ներկայացնելով սեփական երկրի մշակույթը, Հայաստանում անցկացրած օրերի տպավորությունները, առօրյան: Օտարազգի երիտասարդները խոստովանեցին` Հայաստանն իրենց հուշերում կմնա որպես հյուրընկալության, ընկերասիրության, արևի և հպարտ լեռների երկիր, իսկ նրանցից մի քանիսն էլ խոստացան կրկին այցելել: 

Աժ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը ողջունեց ծրագրի բազմալեզու մասնակիցներին և վստահեցրեց, որ հիմնադրամը մշտապես պատրաստ է իրականացնել միջազգային ցանկացած ծրագիր:

«Հիմնադրամը կարևորում է ուսանողական և երիտասարդական ծրագրերը, բայց առանձնակի ուշադրության է արժանացնում միջազգային ծրագրերը, որոնց մասնակցում են գործընկեր համալսարանների ուսանողները»,-նշեց Կարեն Ավագյանն ու հավելեց` նման ծրագրերով գրվում են էջեր, որոնց շնորհիվ հիմնադրամի նախաձեռնությունները դառնում են առավել հետաքրքիր ու արդյունավետ:

Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արա Երեմյանը, մեջբերելով Անտուան դը Սենտ-Էկզյուպերիին, վստահեցրեց` չկա ավելի մեծ պերճանք, քան մարդկային հաղորդակցությունն է: Նա հույս հայտնեց, որ ծրագիրը հնարավորություն ընձեռեց ծանոթանալ միմյանց մշակույթներին և լինել դրա տարածողը. «Դուք կլինեք ծրագրի դեսպանները ձեր երկրներում, քանի որ այս օրերին ծանոթացաք հայկական բազմադարյան պատմությանն ու մշակույթին և կլինեք դրա տարածողըե,-հավելեց Արա Երեմյանը:

«Հայաստանն արևի երկիր է. այդպիսին են այս օրերի ձեր տպավորությունները, որ դուք տանելու եք ձեզ հետ»,-նշեց Մանկավարժական համալսարանի Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Քրիստինա Ծատուրյանը և վստահեցրեց, որ ծրագրին մասնակցությունը հնարավորություն է տալիս շփվել այլ մշակույթների և լեզվի կրողների հետ, ավելի բաց և պատրաստ լինել համագործակցության, ուսուցման նոր ձևերի և միջազգային ծրագրերի մասնակցության համար:

Aspu.am-ի հետ զրույցում բաժնի ղեկավարը նշեց, որ ծրագրում այս տարի ավելացվել է կրթական մասը, ինչը դրական ազդեցություն ունի: Օտարազգի ուսանողները շատ տպավորված են, քանի որ այդպես ավելի լավ են պատկերացում կազմել հայաստանյան կրթական համակարգի, հայկական պատմության ու մշակույթի մասին: Քրիստինա Ծատուրյանն այս տարվա ձեռքբերումներից է համարում նաև խմբային աշխատանքների ավելի շատ կազմակերպումը և խմբերին համակարգողներ նշանակելը, ինչը նպատակ ուներ ամրապնդել համագործակցային աշխատանքի սկզբունքը:

Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի կազմակերպիչներին և մասնակիցներին` վստահեցնելով, որ օտարազգի հյուրերը մեր երկրից գնում են հիացած և անմոռանալի տպավորություններով: Ներսիկ Մարգարյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ նախորդ տարի Մանկավարժականի «Ամառային դպրոց» միջազգային ծրագիրը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ճանաչվել է լավագույնը և արժանացել Հայկյան մրցանակի:

 Ավարտին ծրագրի մասնակիցներն ստացան հավաստագրեր:

Նշենք, որ Մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում անցկացվող տասնօրյա «Ամառային դպրոց-2017ե միջազգային ծրագրին մասնակցում է 77 ուսանող՝ Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ, Լիտվայի կրթական գիտությունների, Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական, Մոսկվայի քաղաքային հոգեբանամանկավարժական համալսարաններից, Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտից, Արցախի պետական և Մանկավարժական համալսարաններից: