ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Այբբենարանը ոսկե բանալի է»
19.03.2024
«Այբբենարանը ոսկե բանալի է»

Այսօր բեմում էին ՀՊՄՀ N 57 հիմնական դպրոցի 1բ դասարանի սաները՝ նշելու գրաճանաչության՝ Այբբենարանն ավարտելու սպասված տոնը։

Փոքրիկների համար կարևոր ու սպասված տոնը նշանավորվեց հետաքրքիր փորձություններով․ Անգետիկը գողացել էր «գիտության փերիին»։ Նրան ազատելու համար 1բ դասարանի սաները պետք է հաղթահարեին վեց քաղաքները՝ համապատասխան փորձություններով, և ձեռք բերեին ոսկե բանալիները։

Հանելուկներ, Շուտասելուկներ, Բանաստեղծություններ, Երգեր, պարեր և Հնչյուն-տառեր քաղաքներն ու այնտեղ հանդիպած առաջադրանքները երեխաները կատարեցին սիրով և անվրեպ․ չէ՞ որ արդեն գրաճանաչ են և կարող են ունենալ այդ քաղաքի առաջադրած փորձությունները։

Հնչյուն-տառեր քաղաքում, սակայն, երեխաներին անակնկալ էր սպասվում․ այնտեղ նրանք ոչ թե բանալի, այլ Այբբենարան ստացան։ Այնինչ Անգետիկը հրաժարվում էր 5 բանալի և մեկ Այբբենարանի դիմաց ազատել Փերիին։ 1բ դասարանի սաները կարողացան ի վերջո բացատրել Անգետիկին, որ ամենակարևոր և ոսկե բանալին հենց Այբբենարանն է․ միայն դա կարող է բացել գիտության դռները։

Փոքրիկիների հրաժեշտի հանդեսն ու տառաճանաչության տոնին նվիրված միջոցառումը ծավալվեց յուրատեսակ հեքիաթի վերածվեց, ինչի շնորհիվ նրանք արդեն գիտեն՝ պետք է սրբորեն պահել գիրքը և սովորել մեսրոպատառ այբուբենը ։

Դասվար Սյուզաննա Ադիլխանյանը Մանկավարժական համալսարանի 1-ին կուրսի մագիստրոս է։ Խոստովանում է՝ միջոցառումն իր համար յուրատեսակ նշանակություն ունի․ մանկավարժի առաջին սաներն են, որ կարողացան իրենց սահուն խոսքի և բեմական հմտությունների շնորհիվ իրական տոնի վերածել այնքան սպասված հանդեսը։

ՀՊՄՀ թիվ 57 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը շնորհավորեց աշակերտներին գրաճանաչ լինելու, իսկ դասվարին՝ նման միջոցառում կազմակերպելու համար․ աշակերտները փայլեցին իրենց գրագետ ու բացառիկ խոսքով։