ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այցելեցին Գերազանցության կենտրոն
16.05.2025
Այցելեցին Գերազանցության կենտրոն

ՀՊՄՀ-ի «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնը շարունակում է հյուրընկալել դպրոցականների։ Ժամանակակից կրթական մարտահրավերներին համապատասխան, անհրաժեշտ գույքով, լաբորատոր սարքավորումներով, համակարգչային տեխնիկայով հագեցած կենտրոնը մեծ հետաքրքրություն է առաջացնում դպրոցականների շրջանում։ Այցելության նպատակն է զարգացնել աշակերտների գործնական կարողությունները, դպրոցում ստացած գիտելիքները լրացնել գործնական պարապմունքներով։

Այսօր Կենտրոնում էին Հակոբ Օշականի անվան N 172 հիմնական դպրոցի և Ֆրանսիական համալսարանի քոլեջի սաները։ Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Պիպոյանի ուղեկցությամբ նրանք այցելեցին կենսաբանության և քիմիայի լաբորատորիաներ, ծանոթացան դրանց տեխնիկական հագեցվածությանը, սարք-սարքավորումներին, լաբորատոր նյութերին։

Հանդիպման ընթացքում պրոֆեսոր Պիպոյանը աշակերտների հետ կիսվեց իր փորձառությամբ՝ խթանելով նրանց հետաքրքրությունը ԲՏՃՄ ոլորտի նկատմամբ։

ՀՊՄՀ-ի շրջանավարտ, Հակոբ Օշականի անվան N 172 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Շողիկ Կեսոյանը կարևորեց մանկավարժական բուհ այցելությունը՝ ընդծելով, որ այն կարևոր քայլ է մասնագիտական կողմնորոշման, գիտելիքների զինման և արդեն գերհագեցած լաբորատորիաներում մասնագիտությունը նորովի բացահայտելու, պրակտիկայում կիրառելու, գործնական կարողությունները զարգացնելու համար։