ՀՊՄՀ Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնն այսօր հյուրընկալել էր Երևանի թիվ 78 դպրոցի 9-րդ դասարանի մի խումբ աշակերտների՝ ֆիզիկայի ուսուցչուհի Քնարիկ Արիստակեսյանի ղեկավարությամբ: Այցի ընթացքում դպրոցականները շրջայց կատարեցին ամբիոնի ուսումնական և գիտական լաբորատորիաներում, հնարավորություն ունեցան դիտել և մասնակցել հետաքրքիր փորձերի:
Փորձերն անցկացրեց ամբիոնի դոցենտ Նարինե Բաբաջանյանը՝ աշակերտներին ներկայացնելով տարբեր ֆիզիկական երևույթներ և դրանց վերաբերյալ բացատրություններ:
Աշակերտները եղան նաև ՀՊՄՀ Բնագիտական հետազոտությունների ինստիտուտի կազմում գործող Քվանտային էլեկտրոնիկայի և ինտեգրալային օպտիկայի նոր նյութերի լաբորատորիայում:
Լաբորատորիայի վարիչ, Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Էդվարդ Կոկանյանը ներկայացրեց կառույցի գործունեության հիմնական ուղղությունները, արդիական հետազոտական նախագծերն ու դրանց կիրառությունը ժամանակակից տեխնոլոգիաներում: Պրոֆեսոր Կոկանյանը նյութի կառուցվածքի ուսումնասիրման մասին ցուցադրեց փորձ՝ լաբորատորիայում առկա գերժամանակակից ռամանյան մանրադիտակի օգնությամբ։
«Ամբիոնը շարունակելու է համագործակցությունը դպրոցների հետ՝ խթանելով գիտության, մասնավորապես՝ ֆիզիկայի հանդեպ հետաքրքրությանն ու աջակցելու է ապագա ուսուցիչներին և հետազոտողներին իրենց առաջին քայլերում: Նման այցերը նպաստում են նաև դպրոցականների գիտական հորիզոնների ընդլայնմանը»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Էդվարդ Կոկանյանը։
Նա ուրախությամբ նկատեց՝ այցի ընթացքում աշակերտներն ակնհայտ հետաքրքրությամբ հետևում էին ներկայացվող նյութերին, ուղղում բազմաբնույթ հարցեր, իսկ որոշ դեպքերում նաև մասնակցում որոշ փորձերի, ինչը նրանց համար դարձավ արժեքավոր ու հիշարժան փորձառություն: