Հնգօրյա այցով Պոլսում էին ՀՊՄՀ հայ նոր եւ նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը, նույն ամբիոնի դոցենտ և կենտրոնի գիտաշխատող Քնարիկ Աբրահամյանը։
Այցը կազմակերպվել էր Պոլսո Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Սահակ Բ․ Մաշալյանի հրավերով՝ Սրբոց Թարգմանչաց տոնին և Մշակույթի շաբաթվան ընդառաջ։ Բացի այդ, կայացավ «Համազգային» հայ կրթական և մշակութային միության և ՀՊՄՀ կազմակերպած «Պոլսահայ գրականությունը 20-րդ դարի կեսից մինչև մեր օրերը» գիտաժողովի նյութերի ժողովածուի շնորհանդեսը։
Պատվիրակությանն ընդունեց Պոլսո Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Սահակ Բ․ Մաշալյանը։ Հյուրերը շնորհակալություն հայտնեցին հրավերի համար, զրուցեցին հայերենի, արևմտահայերենի, նրա գործածության ու ուսուցման մասին։ Պատրիարք Հայրը նկատում է՝ Մշակույթի շաբաթը պետք է ըստ արժանվույն նշել, ինչի համար էլ այս տարի հրավիրել է գիտնականներին։ Հանդիպման մասնակիցները միմյան նվիրեցին իրենց հեղինակած գրքերը։
Հոգշ. Տ. Հովակիմ Աբեղա Սերովբյանի առաջնորդությամբ նրանք այցելեցին Աթոռի Կոլոտ Պատրիարքի անվան թանգարան, եղան «Մարմարա» օրաթերթի խմբագիր Ռոպեր Հատտեճյանի հյուրընկալ հարկի ներքո։ Ծավալվեց հետաքրքիր զրույց գրող-ուսուցչի և գրական մեկնաբան-աշակերտների միջև։ Հանդիպմանը ներկա էին գրողի որդիները, Արի և Այգ Հատտեճյանները, մտավորական, ուղեգրական հատորների հեղինակ Արամ Գամպուրյանը, թերթի տասնյակ տարիների փոխխմբագիր Մաքրուհի Հակոբյանը, ներկայիս փոխխմբագիր Նաիրա Սյուզմեն, ասմունքի վարպետ Սիլվա Կոմիկյանը, մտավորական Մարիամ Տրամերյանը։ Հյուրերն այցելեցին նաև «Մարմարա»ի խմբագրատուն, ուր ծավալվեց զրույց հայ մամուլի պատմության, դիմագրաված դժվարությունների և մարտահրավերների շուրջ։
Այցելություն կազմակեպվեց նաև պոլսահայ Կեդրոնական, Էսայան, Սուրբ Խաչ Դպրեվանք և Սահակյան-Նունյան վարժարաններ, կազմակերպվեցին դասախոսություններ։
Ներկաների կարծիքով՝ դժվարին մարտահրավերների առջև են պոլսահայ համայնքը և դպրոցը․ հայերենը միայն դպրոցի լեզուն է, և հայկական եկեղեցիների հարևանությամբ, բառացիորեն եկեղեցու բակում գտնվող դպրոցն է, որ կոչված է լինելու հայապահպանության զարկերակը։ Այդ ուղղությամբ Սուրեն Դանիելյանը ընդգծեց Մանկավարժական համալսարանի ջանքերը, հատկապես՝ մագիստրոսական կրթության շրջանակներում։
Հյուրերը այցելեցին նաև Սկյուտարի գերեզմանատուն՝ Պետրոս Դուրյանի, Մատթեոս Զարիֆյանի, Ռեթեոս Պերպերյանի, Հովհաննես Հինդլյանի և ուրիշների շիրիմներին, ինչպես նաև Պալյան գերդաստանի դամբարան, Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի թանգարան, ծանոթացան ամիրայական գերդաստանների ու պոլսահայ հոգևոր ու աշխարհիկ նիստուկացի մասին պատմող ցուցադրությանը։
Ուսուցչաց հիմնարկի նախաձեռնությամմբ տեղի ունեցավ նաև «Պոլսահայ գրականությունը 20-րդ դարի կեսից մինչև մեր օրերը» ժողովածուի շնորհանդեսը, որին ներկա էին Պոլսի Կաթողիկե Վիճակավոր Արհի. Տ. Լևոն Արք. Զէքիյանը, հոգևոր հայրեր։ Ձեռնարկի ընթացքում ներկայացվեց պոլսահայ նորագույն շրջանի գրականության ամփոփ նկարագիրը, վաղվա հեռանկարի շուրջ դիտարկումներով։ Հտկանշական է, որ ձեռնարկին մասնակցում էին նաև տարբեր տարիներին «Սփյուռք» կենտրոնի կազմակերպած սփյուռքահայ ուսուցիչների դասընթացների մասնակիցները։
ՀՊՄՀ պատվիրակները շնորհակալություն հայտնեցին պատրիարք հորը հրավերի համար և հույ հայտնեցին, որ նման արդյունավետ նախաձեռնությունները կլինեն շարունակական։