ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այցելեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան
25.02.2021
Այցելեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մեծ շուքով և հանդիսավորությամբ նշվեց «Մայրենի լեզվի միջազգային օրը»:

Ուսումնական հաստատության դասախոսական կազմի և կուրսանտների ջանքերով կազմակերպված միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ներկայացուցիչները:

Բացման խոսքով հանդես եկավ ռազմական համալսարանի գնդերեց Տեր Պսակ քահանա Մկրտչյանը: Մայրենի լեզվի օրվա առթիվ ելույթ ունեցավ ՀՊՄՀ-ի բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը, իսկ «Ազգային հերոսները գրականության մեջ» թեմայով զեկույցով հանդես եկավ Վաչե Պարտիզունու անվան Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Լուսինե Գալստյանը:

Բանասիրական ֆակուլտետի մագիստրոս Հովհաննես Սարգսյանը կուրսանտների հետ զրույց վարեց «Ուսյալ զինվորականը՝ բանակի կայունության երաշխիք» թեմայով: Զեկուցումները ընդմիջվում էին կուրսանտների երաժշտական, ասմունքային կատարումներով, հայոց լեզվի մասին հայտնի մարդկանց արտահայտած մտքերից մեջբերումներով:

Միջոցառման ընթացքում ամփոփվեցին կուրսանտների շրջանում անցկացված հայրենասիրական թեմայով շարադրությունների մրցույթի արդյունքները: Լավագույնները պարգևատրվեցին պատվոգրերով և մրցանակներով: Ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը պատվոգրեր շնորհեց նաև միջոցառմանը մասնակից ՀՊՄՀ-ի բանասիրական ֆակուլտետի ներկայացուցիչներին:

Այցի շրջանակներում ՀՊՄՀ-ի ներկայացուցիչներն ու ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատրյանի և գիտության գծով պետի տեղակալ, գնդապետ Ասրյանի հետ քննարկեցին բանասիրական ֆակուլտետի և ռազմական համալսարանի միջև շարունակական փոխհամագործակցության, համալսարանների դասախոսների մանկավարժական փորձի և մեթոդների փոխանակման, փոխայցելությունների հաճախակիությանը միտված հարցեր:

Ռազմական համալսարանի ղեկավարությունը հույս հայտնեց, որ այսպիսի այցելությունները շարունակական կլինեն երկրի համար ռազմավարական դեր ու կարևորություն ունեցող երկու բուհերի միջև: