ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Այսօր Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան օրն է
26.05.2022
Այսօր Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան օրն է

Հայկական կինոյի հսկա ընկուզենին այսօր կդառնար 95 տարեկան․ անվանի ռեժիսոր, սցենարիստ, դերասան Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան օրվա առթիվ՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության թանգարանում կգործի ժամանակավոր ցուցադրություն:

Ներկայացված են վարպետի լուսանկարները, անձնական օգտագործման իրեր, փաստաթղթեր, աշակերտների և հարազատների հուշերը ներկայացնող տեսասահիկ։

Ցուցադրությանը ներկայացված իրերի շարքում առանձնահատուկ է վարպետի ճամպրուկը, որը նրան ուղեկցել է ամբողջ կյանքի ընթացքում։

Ֆրունզե Դովլաթյանը 1981-1997 թվականներին դասավանդել է Հայկական  պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում․ 1992 թվականին ընտրվել է պրոֆեսորի պաշտոնում։

Պատմության թանգարանին մեծանուն կինոռեժիսորի իրերը տրամադրել է ՀՊՄՀ շրջանավարտ, Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի դասախոս Կարինե Մուրադյանը:

«Վարպետը  հանդիպումների ընթացքում հաճախ էր սիրում լռել․ այդ լռությունը հսկայական ուժ ուներ և ուսուցանող էր։ Մարդկային էր, հասարակ, ուսանողների նկատմամբ նրա սերն ու հումորն անգերազանցելի էին։ Փողոցով քայլելիս չափազանց արտիստիկ էր․ կարծես բեմում լիներ։ Նրան անհնար էր չնկատել և չսիրել»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Կարինե Մուրադյանը, ով այսօր էլ վարպետի մասին հուշերը խնամքով է պահում։

«Բարև, ես եմ», «Սարոյան եղբայրներ», «Երկունք», «Ապրեցեք երկար», «Մենավոր ընկուզենին», «Կարոտ», «Երևանյան օրերի խրոնիկա» ֆիլմերի ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանը 60-ական թվականների խորհրդային կինոյի դեմքը որոշողներից էր։

Կինոբեմադրիչի՝ յուրահատուկ ձեռագրով նկարահանված ֆիլմերն իրենց ուրույն տեղն ունեն հայկական կինոմատոգարֆի պատմության մեջ․ նրա ներդրումը հայ կինոյի կայացման գործում անգնահատելի է։

Ցուցադրությունը կտևի մայիսի 26- 31-ը: