Նոյեմբերի 7-ը Մանկավարժական համալսարանի հիմնադրման օրն է։
1922 թվականից մինչ օրս բուհի առաքելությունն անփոփոխ է՝ սովորեցնում է սովորեցնել։ Կիրթ, բանիմաց և կայուն գիտելիքներով զինված մանկավարժների հերթափոխն է, որ մեկ դարից ավելի աննահանջ հավատով ու անտրտունջ աշխատանքով իրագործում է հասարակության կրթության ու դաստիարակության կարևորագույն գործը։
Արդեն 101 տարի Մանկավարժական համալսարանը մանկավարժության բարձրագույն կրթության ոլորտի առաջատարն է՝ իրականացնելով անմնացորդ նվիրումի խորհրդանիշ հանդիսացող մասնագիտության՝ ուսուցիչների պատրաստման կարևորագույն ու վեհ գործը։
Նախորդ տարի բուհը նշեց հիմնադրման 100-ամյակը, ինչը լավ առիթ էր ամփոփելու մեկդարյա ձեռքբերումներն ու նվաճումները։ Այդ ճանապարհին մի բան հաստատ է՝ ուսուցչին է վերապահված լուծելու նաև ազգային անվտանգության խնդիրը, երբ կրթում և դաստիարակում է ապագա սերունդներին։ Այդ տարեգրության մեջ համալսարանն ունեցել է և այսօր էլ ունի մանկավարժ-նվիրյալներ, որոնք պատասխանատվության բարձր գիտակցությամբ շարունակում են իրականացնել իրենց առաքելությունը։
Պրոֆեսիոնալ մանկավարժը այսօր առավել, քան երբևէ, օրվա հրամայականն է, այն անկյունաքարը, որ նախանշելու է ազգի, հայրենիքի ապագան։
Սիրելի՜ աբովյանականներ, մանկավարժական մայր բուհը` ի դեմս ռեկտոր Սրբուհի Գևորգյանի, շնորհավորում է հարազատ կրթօջախի հիմնադրման օրվա առթիվ։
Պատիվ համարեք Մեծ Լուսավորչի անունը կրող համալսարանի դասախոսը, շրջանավարտը, ուսանողը, աշխատակիցը լինելու կոչումը։ Այդ կոչմանը վերաբերեք հոգատարությամբ, հպարտությամբ և բարձր գիտակցությամբ։
Մենք հավատում ենք, որ ապագան, որն ուսուցչի ձեռքերում է, իսկապես լավն է լինելու։