ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Այսօրվա զինվորը Տիգրան Մեծի սերունդն է»
18.04.2016
«Այսօրվա զինվորը Տիգրան Մեծի սերունդն է»

ՀՊՄՀ-ի Մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետում ավանդույթ է դարձել ամենատարբեր արդիական թեմաների շուրջ կազմակերպել քննարկումներ՝ լսելու քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի կարծիքն ու քաղաքագիտական վերլուծությունները:

Այսօր կազմակերպված քննարկման ժամանակ պրոֆեսորը խոսեց առկա գեոստրատեգիական իրադրության և դրա զարգացման հեռանկարների մասին՝ հենց սկզբում ընդգծելով, որ հայկական զորքը կռվել է փայլուն, ցույց տվել անձնազոհության իրական օրինակներ, ինչն աննախադեպ է համաշխարհային քաղաքական բեմահարթակում:

«Հայ հրամկազմը դրսևորել է զորքի կառավարման ռազմավարական փայլուն օրինակ՝ տարբեր ռեսուրսների անհավասար պայմաններում լուծելով ռազմավարական խոշոր խնդիր»,-նշեց քաղաքագետն ու վստահեցրեց, որ պատերազմների պլանավորումամբ զբաղվողներն ուսումնասիրելու և հաշվի են առնելու ապրիլյան քառօրյա պատերազմում Պաշտպանության բանակի հաջող փորձը:

Պրոֆեսորն անդրադարձավ նաև մի քանի պետությունների բանակների գլխավոր շտաբերի նպատակների տապալման և դրանց իրականացման ճանապարհին կրած նյութական և դիվանագիտական կորուստների մասին՝ չանտեսելով նաև միջազգային հանրության գործելաոճը. «Նրանց ձեռնտու է, որ պատերազմական գործողությունները մղվեն Անդրկովկասում՝ հեռու Եվրոպայից և ԱՄՆ-ից»:

Անդրադառնալով հայ զինվորների մարտական ոգուն՝ Լևոն Շիրինյանը ևս մեկ անգամ անթաքույց հիացմունքով և հպարտությամբ նկատեց, որ այսօրվա զինվորը Տիգրան Մեծի սերունդն է, որ կռվի պահին հույսը չի դնում դաշնակցի վրա. այլևս չկա ճորտի հոգեբանությամբ հայը:

Քաղաքագետը հանդիպման ընթացքում պատասխանեց նաև ներկաների հարցերին: