ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ազգապահպանման գործում ընտանիքը կարևոր ինստիտուտ է»
30.11.2016
«Ազգապահպանման գործում ընտանիքը կարևոր ինստիտուտ է»

«Ապահով մանկության և երեխաների դպրոցական դաստիարակության հարցերով զբաղված են աշխարհի մի շարք լաբորատորիաներ և հաստատություններ, սակայն ընտանիքն ու դպրոցն այն հիմնախնդիրներն են, որոնք ամեն ազգ յուրովի է վերլուծում՝ միաժամանակ խոսելով գլոբալիզացիայի և ընդհանուր կրթական տարածքի մասին»,-նշեց Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը «Մանկության հիմնախնդիրը ժամանակակից հայ ընտանիքում, 21-րդ դարի մարտահրավերները. կանխման և հաղթահարման ուղիները» խորագրով գիտաժողովի բացման ընթացքում:

Պրոֆեսորի կարծիքով, պետք է թերթել հայ մանկավարժության ժառանգության՝ հատկապես ընտանեկան դաստիարակությանը նվիրված էջերն ու դրանցից քաղած դասերը համադրել դարի պահանջների հետ:

Պատմությունն ապացուցում է, որ հայ ընտանիքը միշտ էլ կանգնած է եղել հայ դպրոցի և ուսուցչի կողքին, ուստի ցանկացած իրավիճակում և պայմաններում անթույլատրելի է ծնողին դպրոցից օտարացնելը, դպրոցի դեմ հանելը, այնինչ ծնողների շրջանակներում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ մանկավարժական պատմության այդ դասը լավ չենք սերտել:

«Մեր կամքից անկախ՝ մենք պարտադիր երկու բան ենք ունենում՝ ծնող և ուսուցիչ. ամեն մեկս պատասխանատվություն և պարտք ունենք նրանց առջև, ուստի պետք է մեզնից յուրաքանչյուրը գտնի այն գործը, որով կօգնի դպրոցին: Դպրոցը ժողովրդինն է, բոլորինը»,- վստահեցրեց Աիդա Թոփուզյանն ու ներկաներին կոչ արեց համատեղ մտածել և որոշել, թե դպրոցի ո՞ր հոգսը ծնողը կարող է կիսել, ինչո՞վ նպաստել դպրոց-ընտանիք համագործակցությանն ու բարձրացնել հասարակության շրջանում մանկության, ընտանեկան դաստիարակության վարկը:

Գիտաժողովի մասնակիցներին՝ կրթության գործի կազմակերպիչներին, ուսուցիչներին, ծնողական խորհրդի անդամներին, փորձագետներին ու մագիստրոսներին Աիդա Թոփուզյանը վստահեցրեց, որ դպրոցն ու ընտանիքը, ծնողն ու ուսուցիչը գործընկերներ են և նրանց նպատակները նույնն են:

Պրոֆեսորը ներկայացարեց նաև ՀՊՄՀ-ի Մանկության ժամանակակից հիմնախնդիրները ուսումնասիրող լաբորատորիայի մշակած փաթեթը, որում ներկայացված են ապահով մանկության բնութագրիչները, տարրական դպրոցի համար ծնողական համալսարանի ուսումնական պլանը, ընտանիք-դպրոց կառավարման մոդելն ու ուսուցչին ներկայացվող պահանջները:

«Եթե հարց ծագի, թե ազգապահպան գործում ո՞րն է կարևոր ինստիտուտը, պատասխանները տարբեր կլինեն՝ լեզուն, հավատքը, որ թույլ են տվել բոլոր արհավիրքների դիմանալով՝ հայ մնալ: Իմ կարծիքով՝ այդ ինստիտուտը ընտանիքն է, որ կարևորագույն և մնայուն դպրոց է, ուր անձը ձևավորվում է իր կյանքի ողջ ընթացքում՝ սկսած վաղ հասակից»,-նշեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:

Նա հույս հայտնեց, որ ընտանիք-դպրոց փոխհարաբերությունների վերաբերյալ կլինի օգտակար կարծիքների փոխանակումը, քանի որ դրանցով է պայմանավորված կրթական, քաղաքացիական դաստիարակության ողջ գործընթացը:

Մանկավարժական համալսարանի և Երևանի քաղաքապետարանի միջև 3 տարի առաջ կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում անցկացվող գիտաժողովին ներկա էր նաև Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Նա բարձր գնահատեց 2 կառույցների միջև համագործակցությունը՝ վստահեցնելով, որ Մանկավարժական համալսարանը ոլորտի ներկայացուցիչների համար աշխատանքի դարբնոց է և արդենիսկ գրանցել է արդյունավետության բարձր գործակից:

«Երեխան ծնվում է ընտանիքում, հետո դրվում մեր ձեռքերում, որ կոկենք: Նրա համար ո՞վ է աշխարհը ճանաչելու բանալին. ընտանիքում ծնողն է, մանկապարտեզում և դպրոցում՝ դաստիարակն ու ուսուցիչը: Երեխան ընտանիքում ծնողի արժեքների կրողն է, իսկ մանկապարտեզում և դպրոցում՝ դաստիարակի և ուսուցչի»-նշեց Գայանե Սողոմոնյանն ու վստահեցրեց, որ այդ օղակների ներդաշնակ աշխատանքի շնորհիվ միայն կդաստիարակվեն պետության պիտանի քաղաքացիներ:

Հանրակրթության ոլորտի պատասխանատուն վստահեցրեց՝ ուսուցիչներն իսկապես առաքյալներ են, որ առաջին հերթին պիտի հիշեն իրենց սուրբ կոչումը և հորդորեց ամուր պահել բուհի հետ կապը, քանի որ նրանց ուսերին է դրված դպրոց-Մանկավարժական համալսարան-դպրոց շղթայի արդյունավետությունը:

Գիտաժողովի ընթացքում եղան զեկույցներ, կլոր սեղաններ, քննարկումներ, հարց ու պատասխաններ ու ելույթներ: Մասնակիցները 3 մասնաճյուղերի զուգահեռ աշխատանքների ընթացքում անդրադարձան ժամանակակից հայ ընտանիքում մանկության հիմնախնդիրներին, ծնողների հետ տարվող աշխատանքներում դպրոցին, իսկ ընտանիք-դպրոց կապի ամրապնդման գործում դասվար-դասղեկին ներկայացվող պահանջներին: Ավարտին տրվեցին մասնակցության հավաստագրեր: