ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ազգային և համամարդկային արժեքները՝ ուսանողական գիտաժողովի առանցքում
06.05.2025
Ազգային և համամարդկային արժեքները՝ ուսանողական գիտաժողովի առանցքում

Բանասիրական ֆակուլտետի Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ գիտաժողով անցկացրեց Ուսանողական գիտական ընկերությունը:
Թեմաներն արդիական էին, մարդկային մեծագույն արժեքներ պարունակող։

«Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» աշխատությունը Մանուկ Աբեղյանի գնահատմամբ» թեման ներկայացրեց մագիստրոս Լիլիթ Պողոսյանը: Նա ընդգծեց՝ հակադրվելով թյուր տեսություններին, Մանուկ Աբեղյանը 1899 թվականին Էջմիածնում հրատարակած «Հայ ժողովրդական առասպելները Խորենացու «Հայոց պատմության» մեջ ծավալուն աշխատությամբ ցույց տվեց այդ առասպելների ժողովրդական լինելը՝ որպես հայ ժողովրդի մտավոր զարգացման նախնական շրջանի արտահայտություն․«Մանուկ Աբեղյանն ապացուցեց, որ այդ առասպելները հայ ժողովրդի կազմավորման ու պատմության վերաբերյալ եզակի նյութ ու արժեք են պարունակում և կարևոր դեր են խաղացել հայ ժողովրդի ազգային ինքնության ձևավորման գործում»:

Բակալավրիատի ուսանող Լիանա Կարապետյանի ուսումնասիրությունը վերաբերում էր Ղևոնդ Ալիշանի «Հայոց երգք ռամկականք» աշխատության արդիական արժեքին և թեմայի ուսուցմանը դպրոցում, իսկ Տատյանա Աբդոյանն անդրադարձել էր հեքիաթներում հայ ժողովրդական աշխատասիրության փառաբանմանը։ Վերջինս նշեց՝ աշխատասիրության թեմայով հեքիաթների ուսուցումը դպրոցում կարելի է ուսումնասիրել նաև բարձր դասարաններում․աշխատանքը մարդկային բարօրության գրավականն է, որի գիտակցումն բարձր դասարանների աշակերտների մոտ առավել բարձր է:

Զեկույցով հանդես եկավ նաև բակալավրիատի ուսանող Նառա Վարդանյանը․նա անդրադարձավ Հովհաննես Թումանյանի մանկական ոտանավորներին և ժողովրդական բանահյուսությանը, ուսումնասիրել Թումանյանի մանկական ստեղծագործությունների և ժողովրդական բանահյուսության ընդհանուր աղերսները։ Ուսանողուհին իր ելույթում ընդգծեց՝ Թումանյանի մանկական ստեղծագործությունները նպաստում են սովորողների բարոյական ու մտավոր դաստիարակությանը, ձևավորում մարդկային արժեհամակարգ:

Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը շնորհակալություն հայտնեց զեկուցողներին՝ ընտրած հեղինակների և թեմաների համար․«Դրանք համամարդկային են, խորապես ազգային, դրանցով պետք է առաջ գնալ, դրանք պետք է ուսուցանվեն դպրոցում»,-նշեց նա։