Մանկավարժական համալսարանում էր Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, հոգեբանական գիտությունների թեկնածու Սերգեյ Մսկինը։
Պրոֆեսորը հանդես եկավ «Լեզուն և անձը» թեմայով բաց դասախոսությամբ՝ անդրադառնալով հոգելեզվաբանության ոլորտի հիմնախնդիրներին։
Սերգեյ Մսկինը սիրահարված է հոգելեզվաբանությանը և շարունակում է իր համար բացահայտել այդ ոլորտը։
Առաջին հայացքից ուսումնասիրման նեղ ու չափազանց խորհրդավոր թվացող ոլորտը ժամանակի ընթացքում պրոֆեսորի համար վերածվել է գիտության, ամբողջացրել հոգեբանության վերաբերյալ գիտելիքները․ «Մենք վերածվում ենք մարդու, երբ սկսում ենք խոսել»,-նշում է պրոֆեսոր Մսկինն ու հավելում՝ նաև այս մտայնությունն էր պատճառը, որ գիտական գործունեության զգալի մասը նվիրել է հոգելեզվաբանությանը։
Սերգեյ Մսկինը դասախոսությանը ընթացքում խոսեց նաև «խոսող մարդու» հիմնախնդիրներից՝ պատահական չհամարելով, որ այն տարբեր գիտությունների ուշադրության կենտրոնում է, այդ թվում՝ մանկավարժության․«Հոգելեզվաբանությունը խոսքի և մտքի փոխկապակցումն է, որի շրջանակներում էլ կատարվում են տարատեսակ հետազոտություններ»,-հավելեց նա։
Դասախոսության ընթացքում Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի պրոֆեսորը ներկայացրեց թեմայի վերաբերյալ կատարած սեփական հետազոտությունների հիմնական ուղղությունները, ոլորտներն ու արդյունքները։
Մանկավարժական համալսարան այցի ընթացքում Սերգեյ Մսկինն աշխատանքային հանդիպում ունեցավ ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանի հետ։
Ի դեպ, պրոֆեսորը նաև ՀՊՄՀ «Հոգեբանական հիմնախնդիրներ» գիտական պարբերականի խմբագրական խորհրդի անդամ է։
Կողմերը քննարկեցին գիտական ոլորտում հնարավոր համագործակցության, գիտական ամսագրերում համատեղ հոդվածներ տպագրելու հնարավորությունների և գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր։