ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բաց դասախոսություններ՝ ռուս պատվիրակներից
19.04.2017
Բաց դասախոսություններ՝ ռուս պատվիրակներից

Երկօրյա այցով Մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի հրավերով բուհում են ՌԴ-ի կրթական հաստատությունների առաջատար մասնագետներ:

Այցը մեկնարկեց պրոֆեսորադասախոսական կազմի հետ աշխատանքային հանդիպմամբ, որի ընթացքում քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղիները, նախանշվեցին հետագա քայլերը:

Կողմերը կարևորեցին դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացումը, համատեղ ուսումնասիրությունների կազմակերպումը, գիտական լաբորատորիաների հիմնումը, ինչպես նաև առաջատար գիտական հանդեսներում հոդվածների տպագրումը:

Նախնական պայմավորվածության համաձայն՝ Մանկավարժականի դասախոսներն առաջիկայում հնարավորություն կունենան վերապատրաստվել ՌԴ-ի բուհերում, իսկ այդ հաստատությունների պրոֆեսորները մեր բուհում հանդես կգան բաց դասախոսություններով:

Ռուս պատվիրակներից Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի Չերեպովեց քաղաքի մասնաճյուղի պրոֆեսոր Ստանիսլավ Բոյկոն, որը նաև «Գիտական միտք» միջազգային հանդեսի գլխավոր խմբագիրն է, հանդիպման ընթացքում նկատեց՝ համագործակցության լավ սկիզբն արդեն իսկ կա.Մանկավարժականի 11 ուսանող վերջերս տպագրվել է հեղինակավոր ամսագրում:

Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Իրինա Սինովան էլ նշեց՝ «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում հնարավորություն ունեցել է աշխատել ՀՊՄՀ-ի ուսանողների հետ.«Հիանալի ուսանողներ ունեք՝ հետաքրքիր, կրթված ու շատ տաղանդավոր.վստահ եմ՝ մեր ուսանողներն իրարից շատ բան ունեն սովորելու»:

Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ, ՀՊՄՀ-ի Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Սահակյանը կասկած չունի՝ համագործակցությունը կստացվի. հրավիրյալ դասախոսների հետ երկար ճանապարհ է անցել, առաջատար մասնագետներ են, համատեղ գործունեություն ծավալելու ցանկությունն էլ երկուստեք մեծ է. « Աշխատանքային քննարկումներ շատ են լինում, առաջարկներ ևս. կարևորը գործնականում այդ ամենն իրականություն դարձնելն ու ուսանողին մասնագիտական փորձառություն և աճ գրանցելու հնարավորություն տալն է»:

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզան Պետրոսյանը կարևորեց ամբիոնի նորանշանակ վարիչի նախաձեռնությունը, ռուս գործընկերների հետ մտքերի փոխանակումն ու համագործակցությունը կազմակերպելու համար:
Հանդիպման ընթացքում համագործակցության վերաբերյալ իրենց տեսլականը ներկայացրին նաև Բելգորոդի Տնտեսական-սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Տատյանա Գուժավինան, Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Քաջիկ Օհանյանը:

Վերջինս նկատեց՝ Մանկավարժական համալսարանի հետ կնքված պայմանագրի շրջանակներում ձևավորված գործընկերությունն արդեն տվել է իր պտուղները:

Պատվիրակներից նույն համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Բիստրյանցովն էլ խոստովանեց՝ սիրում է Հայաստանը. որպես ապացույց սիրո խոստավանությունը հնչեց հայերեն:

Հանդիպմանը հաջորդեց ՌԴ-ից ժամանած պատվիրակների այցը բուհի թանգարան, ապա հյուրերը հանդես եկան բաց դասախոսություններով:

Երկօրյա այցի առաջին օրը պրոֆեսորներ Քաջիկ Օհանյանը ներկայացրեց «Ինտելեկտուալ կապիտալի տեսական հայեցակարգերը» թեմայով դասախոսությունը, Ստանիսլավ Բոյկոն՝ «Սոցիոլոգիան գիտության աշխարհում. զարգացման հեռանկարները», իսկ Սերգեյ Բիստրյանցովն անդրադարձավ վստահությանը՝ որպես սոցիալական նորմ:

ՀՊՄՀ պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը վստահություն հայտնեց, որ բուհերի միջև նախանշվող համագործակցությունն արդյունավետ կլինի և նկատեց՝ բաց դասախոսությունների թեմաները ժամանակակից սոցիոլոգիական գիտության ամենատարբեր հիմնահարցերի վերաբերյալ ընդգրկում են.«Մանկավարժական համալսարանը կարևորում է սոցիոլոգիա գիտությունը, ինչպես նաև հաշվի է առնում աշխարհում արագ փոփոխվող սոցիոլոգիական տեսությունն ու աշխարհում դրա կիրառական զարգացման միտումները»:

Պրոռեկտոր Արա Երեմյանն էլ հավելեց, որ սա նոր սկիզբ է ամբիոնի գիտական կյանքը նորովի կազմակերպելու համար:

Բաց դասախոսությունները կշարունակվեն վաղը: