ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բաց դռների օր՝ Բանասիրական ֆակուլտետում
10.12.2024
Բաց դռների օր՝ Բանասիրական ֆակուլտետում

ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետը հյուրընկալել էր Երևանի և մարզերի ավագ դպրոցականների և ուսուցիչների։ Ի դեպ, վերջիններս բուհի շրջանավարտներ էին։

Հանդիպումն ընթացավ յուրահատուկ ձևաչափով՝ դասախոսություններով, վարպետության դասերով։

Դեկան Աշոտ Գալստյանը նշեց՝ ֆակուլտետը դիմորդների պակաս չունի, սակայն նման հանդիպումները երկուստեք կարևոր են և սպասված․ մասնագիտական ամբիոնները եզակի գիտական կենտրոններ են, որոնք ղեկավարում են մեծ ճանաչում և համբավ ունեցող գիտնականներ։ Նշենք, որ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը պարբերաբար այցելում է Երևանի ու մարզերի դպրոցներ, աջակցում սովորողներին մասնագիտական ճիշտ ընտրության հարցում:

«Աշխարհն անընդհատ փոփոխվում է, փոխվում են նաև ուսուցչին ներկայացվող պահանջներն ու ուսուցման մեթոդները»,-նշեց Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը: Վերջինս «Ինչպե՞ս ուսուցանել պատմավեպերը» թեմայով վարպետության դաս անցկացրեց ուսուցիչների համար՝ նրանց հորդորելով չբավարարվել դասագրքի նյութերով և օգտվել նաև պատմական տարբեր աղբյուրներից:

Ա․ Ղարիբյանի անվան հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանն էլ խոսեց հայերենի բառապաշարի հավաքագրման ու բառարանագրության մասին, անդրադարձավ հայերենի հայտնի բառարանագիրներին ու բառարաններին՝ դրանք համարելով տվյալ ժողովրդի պատմության գանձարանն ու ամբարը: Պրոֆեսորը հույս հայտնեց, որ նոր սերունդը կզբաղվի բառարանագրությամբ, քանի որ հայերենի հարուստ բառապաշարը կբավարարի կազմել մինչև 15 հատորից բաղկացած նոր բառարաններ:

«Նոր սերունդ՝ գիտական ճանաչողության նոր մոտեցումներ»,-ընդգծեց Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն ու անդրադարձավ մի շարք ցավոտ հարցադրումների, մասնավորապես՝ արևտահայերենի հանդեպ ոչ բավարար վերաբերմունքին, որը չկա նաև ուսուցիչների գեղարվեստական մտածողության մեջ։

Վարպետության դասեր անցկացրեց նաև Աշոտ Գալստյանը՝ «Էսսեն որպես չափորոշչային պահանջ» թեմայով, իսկ պրոֆեսոր Գայանե Խալաթյանն էլ իր դասախոսությամբ անդրադարձավ տարարժեք խոսքի մասերի տարբերություններին։

Վարպետության դասերն ուղեկցվեցին նաև սովորողներին տրված թեստային առաջադրանքերով, որոնք գիտելիքների արժևորման և ստուգման համատեքստում յուրատեսակ մոտեցում էին։ Դասախոսները պատասխանեցին ուսուցիչների հետաքրքրող հարցերին և վստահեցրին, որ նման հանդիպումները կլինեն շարունակական։