ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բացառիկ ցուցադրություն՝ հոգևոր թեմատիկայով 
19.03.2025
Բացառիկ ցուցադրություն՝ հոգևոր թեմատիկայով 

ՀՊՄՀ Լևոն Կոջոյան ցուցասրահում այսօր բացվեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի մանկավարժ-արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսը։

Ներկայացված ստեղծագործությունները հոգևոր թեմատիկայով էին․ 20 հեղինակի 20 աշխատանք՝ կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական արվեստի բազմաոճ գործեր` գեղանկար, քանդակ, բատիկա, գոբելեն, փայտի փորագրություն։

Ցուցահանդեսը բացեց Տեր Զարեհ քահանա Աշուրյանն ու խոստովանեց՝ իր համար նորովի է բացահայտում  Մանկավարժականը, ուր ուսանողը ոչ միայն կրթություն է ստանում,  այլև բարեկրթվում է, ձևավորում ճաշակ, ստեղծագործական մտքի մեծ հորիզոններ։

Տեր Զարեհ քահանա Աշուրյանը հիշեցնում է՝ հոգևոր կյանքն ու մշակույթը երբեք առանձին  հանդես չեն եկել, դրանք զուգընթաց են հասունացել, ավելին՝ մինչ մշակույթի աշխարհիկացումը, այն եղել է  հոգևոր կյանքում մեր հավատքի անբաժան մասը։

Խոսելով ժամանակակից աշխարհում  առկա մարտահրավերների մասին՝ Տեր Զարեհը նկատեց՝ միակ բանը, որը հնարավոր չէ կեղծել, ստեղծագործական միտքն է․ դրա վկայությունը ներկայացված աշխատանքներն են․ «Ապագան ստեղծագործական միտք ունեցող մարդունն է, և, չնայած, գիտությունն այսօր արհեստական բանականության հաշվին է նաև գործում, սակայն ստեղծագործական միտքը ոչ մեկ չի կարող կեղծել։  Ձեր առաքելությունն  Աստծո արարչագործության շարունակականությունն ապահովելն է»,-նշեց  Տեր Զարեհ քահանա Աշուրյանն ու հավելեց՝ ստեղծագործական միտքն Աստծուց տրված շնորհ է, ներշնչանք, ինչին հնարավոր չէ տիրանալ։

Ցուցահանդեսին ներկա էր բուհի ղեկավար և դասախոսական կազմը, հյուրեր ուսանողներ։

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ցուցահանդեսը համարեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի հերթական ձեռքբերումը` ուսուցանող, լի հոգևոր արժեբանությամբ, մեր օրերում կենսակերպային անհրաժեշտություն։

Պրոֆեսոր Գևորգյանը խոսեց ժամանակակից մարդու հոգեկանի ակտիվության աղբյուրների, մշակութային պահանջմունքների, այսօրվա աշխարհի բազմաբևեռ մոտեցումների,  էթնոժառանգության մասին` ընդգծելով՝  հոգևորն է սնուցման  այն աղբյուրը, որի վրա երիտասարդը կարող է կառուցել իր ճանապարհը  դեպի օբյեկտիվ իրականություն և դրանում գտնել իր տեղը։

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանն էլ ներկայացրեց  ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները՝ ընդգծելով դրանց զգայական, խոհական կողմն ու նշեց՝  արվեստի այս եզակի նմուշներն իրենց ուրույն տեղը կգտնեն ցուցասրահում։

Ցուցահանդեսին հնչեց նաև հոգևոր երաժշտություն․ ելույթ ունեցավ Երաժշտության մանկավարժության ամբիոնի  դասախոս Մարիաննա Ավետիսյանը։