ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բացառիկ ցուցասրահ-լսարան՝ Մանկավարժական համալսարանում
02.09.2019
Բացառիկ ցուցասրահ-լսարան՝ Մանկավարժական համալսարանում

«Դժվար է պատկերացնել ուսումնական տարվա ավելի բովանդակալից ու նշանակալի սկիզբ, քան այս բացառիկ լսարանի բացումն է. սա ուսումնական տարվա նոր ու յուրատեսակ սկիզբ է: Հայաստանում գործում են բազմաթիվ ցուցասրահներ, բայց որպես լսարան՝ այն առաջինն է: Վստահ եմ, որ ցուցասրահ-լսարանի մթնոլորտը կլինի ոգեշնչող ապագա արվեստագետների համար»,-նշեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը՝ ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում ցուցասրահ-լսարանի հանդիսավոր բացման ժամանակ: 

Նորաբաց ցուցասրահ-լսարանում ցուցադրված են ֆակուլտետում դասավանդած և ներկայումս գիտամանկավարժական գործունեություն ծավալող արվեստագետ-մանկավարժների ստեղծագործությունները՝ շուրջ 90 աշխատանք:

Ռեկտորը շնորհակալություն հայտնեց տարբեր ժամանակներում բուհում դասավանդած մեծանուն արվեստագետներին, նրանց ժառանգներին և վստահեցրեց՝ չկա մեր մշակույթի ու արվեստի մեծությունների հիշատակը վառ պահելու, հավերժացնելու բացառիկ արտահայտության ձև, քան նրանց ստեղծագործությունների ներկայությունը կրթական միջավայրում:

Ռեկտորը բարձր գնահատեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանի՝ ցուցասրահ-լսարան բացելու նախաձեռնությունը և ևս մեկ անգամ նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին՝ մաղթելով նոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

«Եթե իսկական ուսուցիչը բնությունն է, ապա ուսումնական հաստատության ներսում իսկական ուսուցիչը պատերին փակցված աշխատանքներն են»,-մեջբերելով մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցին՝ նշեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը և հավելեց, որ ցուցասրահ-լսարանը կարծես ապագա արվեստագետների համար այդ ուսուցիչը լինելու առաքելությունն ունի:

Արա Հակոբյանն ընդգծեց՝ Մանկավարժական համալսարանն իր տարբեր մասնագիտություններով մշտապես նպաստել է մշակույթի զարգացմանը և հավելեց, որ ցուցասրահ-լսարանի բացումը նպատակ ունի ոչ միայն ուսանողներին, այլև արվեստասեր հասարակությանը ներկայացնել Գեղարվեստական կրթության ֆակուլտետի պատմությունը կերտող արվեստագետներին, նրանց ստեղծագործությունները:

Նրանց մեծ մասը ՀՀ վաստակավոր, ժողովրդական նկարիչներ են, ինչը մեծ պատիվ է ցանկացած բարձրագույն ուսումնական հաստատության համար:

«Երբ իմացա այս նախաձեռնության մասին, ուրախացա, հուզվեցի: Սա կարևոր ձեռնարկ է, որ կհավերժացնի բուհի երախտավոր արվեստագետների հիշատակը, և մեր մեծ նկարիչները որպես ուսուցիչներ մշտապես ներկա կլինեն ուսանողների համար»,-նշեց նկարիչ Հարություն Հովհաննիսյանի որդին՝ Սեդրակ Հովհաննիսյանը և լսարանի բացման առթիվ շնորհավորեց և´ ուսանողներին, և´ դասախոսներին:

Նշենք, որ նման ցուցասրահ-լսարան Հայաստանի ոչ մի բարձրագույն ուսումնական հաստատությունում դեռևս չկա:

Ցուցադրված են ՀՀ Ժողովրդական նկարիչներ Արա Սարգսյանի, Էդվարդ Իսաբեկյանի, Արտաշես Հովսեփյանի, Զաքար Խաչատրյանի, Լևոն Կոջոյանի, Արա Շիրազի և այլոց ստեղծագործությունները: Ցուցասրահ-լսարանը ծառայելու է ոչ միայն որպես ֆակուլտետի բոլոր մասնագիտությունների համար լսարան, այլև յուրօրինակ վայր մշակութային քննարկումներ, հանդիպումներ, տարբեր ձեռնարկներ անցկացնելու համար: