ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բացառիկ դասագիրք՝ ՀՊՄՀ-ի և Մինեսոտայի համալսարանի համագործակցության արդյունքում
21.04.2020
Բացառիկ դասագիրք՝ ՀՊՄՀ-ի և Մինեսոտայի համալսարանի համագործակցության արդյունքում

Հայկական պետական մանկավարժական և Մինեսոտայի համալսարանների համագործակցության արդյունքում լույս է տեսել «Ներառական կրթության ռազմավարությունը» խորագրով դասագիրքը։

Ծրագրի իրականացման, դասագրքի աշխատանքների մեկնարկի, մշակման գործում անգնահատելի է ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաների պաշտպան հանդիսացող աշխարհի առաջատար կազմակերպության դերը։

ՀՊՄՀ-ի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի և գործընկեր բուհի պրոֆեսորադասախոսական կազմը գրքի ստեղծման շուրջ աշխատել է երկու տարի՝ երկուստեք ունենալով փորձագիտական մեծ ներդրում։

Հեղինակները կարծում են, որ փոփոխվող հասարակության պայմաններում ավելի ու ավելի է մեծացել ներառական կրթության ոլորտում պատշաճ ներդրում­ների, ռազմավարության և չափորոշիչների մշակման պահանջը։ Առկա են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների սոցիալական և կրթական հմտությունների զարգացման բազմաթիվ խնդրահարույց հարցեր ու մարտահրավերներ, այդ թվում՝ ուսուցիչների կրթությունը և վերապատրաստում­ները, դպրոցների սոցիալական ու ֆիզիկական միջավայրի հարմարեցում­ները, ինչպես նաև ծնողների ակնկալիքները, մոտեցում­ները և պատկերացում­ները։

Դասագրքի 15 գլուխներում անդրադարձ է կատարվում տարբեր գործիքակազմերի և մեթոդների կիրառմանը, որոնք բազմազան կրթական կարիքներ ունեցող երեխաներից կազմված դասարանում դասավանդող ուսուցչին կօգնեն ստեղծելու ներառական ու աշակերտակենտրոն միջավայր։

Բացի այդ, արծարծվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, հանրակրթության ոլորտի ուսուցիչների, բազմամասնագիտական թիմերի, ինչպես նաև դպրոցների տնօրենների և ծնողների առջև ծառացած ամենօրյա հարցեր։ Դասագիրքը ընթերցողին հնարավորություն է ընձեռում հասկանալու, թե ինչպես է ամերիկյան կրթական համակարգը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների բացառումից անցել սովորական համակարգում նրանց ինտեգրման և վերջապես առավել ներառական գործելակերպերի։ Ձեռնարկի հեղինակները ներկայացնում են նաև կրթական համակարգը ներառական դարձնելու հայկական մոտեցումներն ու ռազմավարությունը, առկա մարտահրավերները։ Համեմատական վերլուծության միջոցով ձեռնարկում ներկայացվում են բազմաթիվ գործիքներ, մեթոդներ և գործնական ու գիտափորձերով արդյունավետությունը հիմնավորած մոտեցումներ։ Դրանք փորձարկվել, գնահատվել են, իսկ դրանց արդյունավետությունն ապացուցվել է բոլոր, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքում։

Դասագիրքը նախատեսված է դասախոսների, ներկա և ապագա մանկավարժների, կրթական, աջակցող ծառայություններ մատուցողների, կրթության քաղաքականություն մշակողների համար։

Գիրքն օգտակար կլինի հոգեբանամանկավարժական աջակցություն տրամադրող բազմամասնագիտական թիմերի անդամ­ներին, երեխաներին ուսում­նական գործընթացի մեջ ներգրավելու պատասխանատուներին։

«Չնայած գերանհրաժեշտությանը՝ ներկայումս Հայաստանում չկա ուսուցիչների` ներառական դասարանում երեխաների բազմազանության հետ աշխատելու նախապատրաստմանը միտված համակարգային մոտեցում կամ հատուկ ծրագիր»,- aspu.am-ի հետ զրույցում նշեց գրքի խմբագիր, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիաննա Հարությունյանը։ Վերջինս վստահեցրեց, որ այս տեսանկյունից «Ներառական կրթության ռազմավարություն» դասագիրքը թերևս անգնահատելի արժեք ունի՝ որպես հայ ընթերցողին ներկայացվող փաստերի բացառիկ, առաջին հրապարակում։  

«Մեր գերագույն ցանկությունն է տեսնել համատեղ ջանքերով արդյունավետ աջակցության ցուցաբերում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին»,-նշեց ՀՊՄՀ-ի ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը։

Վերջինս հույս հայտնեց, որ դասագրքի հայ ընթերցողների զգալի մասը կշարունակի հանդես գալ որպես ներառական կրթության ջատագով։

Նշենք, որ Մինեսոտայի համալսարանն իր պաշտոնական կայքում տեղադրել է վերանշյալ դասագրքի հայերեն տարբերակը՝ որպես համագործակցության կարևոր ձեռքբերում։ Բուհի կայքում ևս կարող եք ծանոթանալ գրքի էլեկտրոնային տարբերակին։