ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բացառիկ ձեռնարկներ Մանկավարժականից
02.02.2021
Բացառիկ ձեռնարկներ Մանկավարժականից

Մանկավարժական համալսարանում կայացավ միաժամանակ 4 գրքի շնորհանդես:

Գիտական հանրությանը, ուսանողներին և դասախոսներին ներկայացվեց «Ներառական կրթության ռազմավարություն» դասագիրքը, «Մեդիատեխնոլոգիաները տարրական դպրոցի մանկավարժական գործընթացում» ուսումնամեթոդական ձեռնարկը, «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրները» և «Հատուկ կրթության հայկական ամսագիր» գրախոսվող միջազգային անգլալեզու պարբերականները:

ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ողջունեց շնորհանդեսի մասնակիցներին և ներկայացնելով բուհի գիտական ձեռքբերումները` ևս մեկ անգամ կարևորեց  ակադեմիական շրջանակներում միջազգային կապերի ընդլայնումը: Նա կոչ արեց հետևել հաջողված փորձերին, մասնավորապես վերջին` ՀՊՄՀ-ի և Մինեսոտայի համալսարանի համագործակցության օրինակին, որի արդյունքում ստեղծվեց բացառիկ դասագիրք. այն միակն է հանրապետությունում իր ձևի ու բովանդակության մեջ և խիստ կարևոր` համընդհանուր ներառականության ճանապարհին:

«Խնդիրները դժվար են, բայց հաղթահարելի: Պետք է նկատի ունենալ, որ նման արդյունքները ճանաչելի են դարձնում երկիրն ու նրա գիտական ներուժը: Սա ակադեմիական փոխհարաբերությունների դրական և օրինակելի արդյունք է»,-նշեց ռեկտորն ու հույն հայտնեց, որ ձեռնարկներն ու պարբերականները կկիրառվեն նաև գործնականում և կունենան շոշափելի արդյունքներ:

«Ներառական կրթության ռազմավարություն» դասագրքի խմբագիր, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիաննա Հարությունյանը, խոսելով դասագրքի ստեղծման մասին, ընդգծեց` այն անդրադարձ է ներառական կրթության, հանրակրթության առջև ծառացած ժամանակի մարտահրավերներին`մեր երկրում իրականացվող բարեփոխումների համապատասխանությամբ:

Դասագրքի 15 գլուխներում անդրադարձ է կատարվում տարբեր գործիքակազմերի և մեթոդների կիրառմանը, որոնք բազմազան կրթական կարիքներ ունեցող երեխաներից կազմված դասարանում դասավանդող ուսուցչին կօգնեն ստեղծելու ներառական ու աշակերտակենտրոն միջավայր։

Առկա են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների սոցիալական և կրթական հմտությունների զարգացման բազմաթիվ խնդրահարույց հարցեր ու մարտահրավերներ, այդ թվում՝ ուսուցիչների կրթությունը և վերապատրաստումները, դպրոցների սոցիալական ու ֆիզիկական միջավայրի հարմարեցումները, ինչպես նաև ծնողների ակնկալիքները, մոտեցումները և պատկերացումները։

«Իր տեսակի մեջ բացառիկ այս դասագիրքը ևս մեկ քայլ է ներառական կրթության կազմակերպման գործում` օգնելու կրթության ոլորտի մասնագետներին նախադպրոցական, դպրոցական և բուհական միջավայրերում»,-նշեց Մարիաննա Հարությունյանը և հույս հայտնեց, որ այն կլինի կիրառելի և կունենա ցանկալի արդյունքներ:

ՀՊՄՀ-ի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանն էլ անդրադարձավ «Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրները» և «Հատուկ կրթության հայկական ամսագիր» գրախոսվող միջազգային անգլալեզու պարբերականներին` ընդգծելով դրանց համապատասխանությունը արդի ժամանակներում գիտության առջև դրված պահանջների տեսանկյունից:

«Գիտական հանրության առջև շարունակում է դրվել նոր պահանջներ ու չափանիշներ, որոնք հնարավորություն են տալիս ճանաչելի լինել միջազգային հանրության համար: Այդ պահանջներին համապատասխանելու համար պետք է ընտրել գիտական հանրության հետ երկխոսելու տարբերակը»,-նշեց պրոռեկտոր Գևորգյանն ու հավելեց, որ վերոնշյալ 2 ամսագրերն արդեն իսկ ներգրավված են միջազգային 6 հեղինակավոր շտեմարաններում, իսկ հետագայում հավակնում են ընդգրկվել նաև գիտաչափական շտեմարաններում:

Վերջինս հույս հայտնեց, որ ամսագրերը կնպաստեն հոգեբանամանկավարժական ոլորտի ներկայիս խնդիրների լուծմանը` միաժամանակ հանրությանը ներկայացնելով տեղի փորձն ու ծանոթացնել աշխարհում առկա զարգացումներին:

«Մեր հիմնական առաքելությունն է օգնել ազգային դպրոցին, ուսուցչին, ուսումնասիրել նրա ժամանակակից հիմնախնդիրները, տալ դրանց լուծումներն ու մանկավարժագիտությունը հասցնել դպրոց»,-նշեց մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը` խոսելով «Մեդիատեխնոլոգիաները տարրական դպրոցի մանկավարժական գործընթացում» ուսումնամեթոդական ձեռնարկի մասին:

Պրոֆեսորը նկատում է, որ ՀՊՄՀ-ի Մանկության հիմնախնդիրներն ուսումնասիրող լաբորատորիայի հետազոտությունների արդյունքներով համացանցը մեծացնում է երեխաների խոցելիությունը վտանգների և վնասների նկատմամբ` անձնական տեղեկատվության ոչ տեղին օգտագործումից մինչև վնասակար բովանդակությամբ նյութերի հասանելիություն և այլն: Նա այն կարծիքին է, որ թվային աշխարհում մանկավարժների ու ծնողների խնդիրը պետք է լինի չեզոքացնել վնասները` միևնույն ժամանակ առավելագույնի հասցնելով համացանցի առավելությունները յուրաքանչյուր երեխայի համար:

Աիդա Թոփուզյանը հորդորեց ներկաներին կիրառել մանկավարժական մայր բուհի ներուժը, տարրական դպրոցը պահել հոգածության հիմքում` նկատի ունենալով, որ այդ տարիքում է  ձևավորվում ապագա հայի, քաղաքացու ներուժը: