ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բացառիկ վավերագրեր «Ուսյալ ազգի վկայագրերը» ցուցահանդեսում  
15.11.2022
Բացառիկ վավերագրեր «Ուսյալ ազգի վկայագրերը» ցուցահանդեսում  

Մանկավարժական համալսարանում բացվեց «Օսմանյան կայսրության հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» խորագրով ցուցահանդես՝  նվիրված բուհի հիմնադրման 100-ամյակին:

ՀՊՄՀ-ի Պատմության թանգարանի  և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված ցուցադրությանը ներկայացված էին  հայկական վարժարանները։

Ցուցադրության նպատակն էր  մեկ անգամ ևս ընդգծել կրթության դերը՝  որպես ազգի ինքնության և ժառանգության կարևոր մաս, ներկայացնել հայկական գաղթօջախներում  գործող դպրոցները, որոնք  ժողովրդի մեջ գրագիտություն տարածելուց բացի, եղել են նաև գիտական, մշակութային, մատենագրական, ազգային–հասարակական կենտրոններ, արվեստի ստեղծման ու տարածման կրթատներ, արձագանքել ժամանակի կարևոր իրադարձություններին։

ՀՊՄՀ  ռեկտոր Սրբուհի Գևորգյանը,  ողջունելով ցուցահանդեսի անցկացման գաղափարը,  կարևորեց նաև դրա մեթոդական կողմը․ այն այլընտրանքային դասապրոցես է, որը անկախ մասնագիտացումից,  կամրապնդի մանկավարժական կրթության, ազգային ինքնության պահպանման վերաբերյալ պատկերացումները։

Նա ընդգծեց՝  հայ ազգի ինքնության պահպանման խնդիրը մշտապես լուծվել է իր կրթօջախներում, որոնք այսօր էլ, փոփոխվող աշխարհում կարևոր դեր ու  նշանակություն ունեն նաև անձի սոցիալականացման գործընթացում․«Լինելով ապագա մանկավարժներ, պետք է գիտակցեք, որ գիտելիք սերտելուց բացի,  լուծում եք նաև քաղաքացու ինքնության ձևավորման խնդիր։  Պետք է պատրաստ լինեք գիտակցաբար վերլուծել և հետագայում փոխանցել կրթական  այն ժառանգությունը, որը հայ ժողովուրդն իր պատմական զարգացման ընթացքում ունեցել է»։

Մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանի դիտարկմամբ՝ հայերիս 21-րդ դար է հասցրել հայ ընտանիքը, դպրոցը, եկեղեցին․ սա իրողություն է, որը հայտնի է բոլորին։

Նա պատմական ակնարկ կատարեց Օսմանյան կայսրությունում արևմտահայ աշխարհիկ կրթական գործի կազմակերպման վերաբերյալ՝ ներկայացնելով Կոստանդնուպոլսում 18-րդ դարում աշխարհիկ առաջին դպրոցի հիմնումը, արևմտահայ կյանքում ազգային լուսավորությանն ու  զարգացմանը միտված դպրոցական շարժումները, հայկական կրթամշակութային կյանքին ավերիչ հարված հասցրած հայտնի իրադարձությունները․«Ցուցահանդեսի յուրաքանչյուր  վահանակ մեր ժողովրդի պատմության կարևոր մասնիկ է։ Ներկայացված կրթօջախներն են կերտել մեր մտավորականությանը, որոնք իրենց ողջ կյանքը նվիրել են հայ երեխայի հայեցի դաստիարակությանը․ մենք պարտավոր ենք շարունակել  նրանց կարևոր գործը»։

Աիդա Թոփուզյանը,  ընդգծելով ցուցահանդեսի կարևորությունը, խոստացավ՝ մանկավարժության դասերն այսուհետ կմեկնարկեն այս ցուցասրահից,  իսկ առաջիկայում ուսանողների  շրջանում կհայտարարվի  մրցույթ․ ապագա մանկավարժները «կգնան» Օսմանյան կայսրության հայկական վարժարանների հետքերով՝  իրենց նախագծերում ներկայացնելով կրթօջախները, որոնցից 16-ն այսօր էլ գործում են։

Ցուցահանդեսին ներկա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը նկատում է՝  հայ ժողովուրդը հիմնել է հարուստ մշակույթ մի երկրում, որտեղ անընդհատ ջանել են ոչնչացնել նրան։

Բանախոսը նկատում է՝  այսօրվա կրթագիտական ժառանգության  համար պարտական ենք հենց  այդ վարժարաններին և դրանց սաներին, որոնց ուսումնառության ծարավը պետք է օրինակ լինի և փոխանցվի այսօրվա սերնդին։

ՀՑԹԻ ցուցադրությունների բաժնի պատասխանատու Սեդա Պարսամյանն  ընդգծում է, որ  մեկդարյա բուհը, թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանի նախաձեռնությամբ,  հանրապետության առաջին կրթօջախն էր, որն  իր  ջերմ հարկի ներքո ներկայացրեց  ցուցադրությունը։

Սեդա Պարսամյանի խոսքով՝ ցուցադրությունն ունի նպատակային ուղղվածություն․ավելի քան մեկդարյա հեռավորությունից վերհանել ու ներկայացնել Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում գործած երկու հազար հայկական կրթօջախների երբեմնի բեղուն գործունեությունը, որը, ցավոք, ընդհատվեց Հայոց ցեղասպանության հետևանքով․«Կրթօջախներն այսօր գոյություն չունեն, սակայն ցուցադրության մեջ ներկայացված են բացառիկ վավերագրեր, որոնք  դրանց երբեմնի գոյության և  հայկական պատկանելության փաստացի վկայություններն են»։

Ցուցասրահում ներկայացված  են փաստաթղթեր, այդ թվում՝ հայկական վարժարանների ուսանողների վկայագրերը, դասագրքերը, գրենական պիտույքները և արխիվային այլ նյութեր։

Ցուցադրությունը կտևի մինչև դեկտեմբերի 15-ը։