ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բացվեց Ալեն Մարգարյանի անվան լսարան
29.04.2021
Բացվեց Ալեն Մարգարյանի անվան լսարան

Կուլտուրայի ֆակուլտետի 215 լսարանն այսուհետ կկրի Ռեժիսուրայի բաժնի շրջանավարտ, Արցախյան երրորդ պատերազմի զոհերից Ալեն Մարգարյանի անունը:

Այդ կապակցությամբ կազմակերպված ցերեկույթին ներկաները դիտեցին Ալեն Մարգարյանի մասնակցությամբ բեմադրության տեսագրությունը, որում նա մարմնավորում էր գլխավոր հերոսին` վատառողջ երիտասարդի, որը թեև ամենից շատ ապրել էր ուզում, բայց հանուն սիրելիի պատրաստ էր զոհել իր կյանքը։ Իրական կյանքում էլ նույնն էր` Ալենն ապրել շատ էր ուզում, իսկ սիրելին հայրենիքն էր, որին էլ անմնացորդ նվիրվեց:

Նա նույնն էր և´ իր կերտած կերպարում, և´ կյանքում, երբ կարծում էր, որ եթե ինքներս չգունավորենք կյանքը, այն ձանձրալի կլինի: Մարտական գործողությունների ժամանակ նա անմահացավ, սակայն նրա մասին անցյալով խոսել դժվարանում են բոլոր նրան ճանաչողները․ այն լույսը, որ իր մեջ էր, այսօր կտեղափոխվի մի նոր անկյուն և կլուսավորի շատ երիտասարդների։

Կուլտուրայի ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանը նկատեց՝ մշտապես բուհի անվանի դասախոսների և մշակույթի մեծ վարպետների անուններով լսարաններ են կոչել, բայց ավելի լավ կլիներ, որ Ալեն Մարգարյանի անվան լսարանը բացվեր` ի նշան իր հրաշալի բեմադրությունների կամ նկարահանած ֆիլմերի:

«Չհասցրեց ապրել հայ շնորհալի մարդու և ապագա լուրջ արվեստագետի կյանքը։ Այսօր հպարտությունն ու ցավը խառնվել են իրար»,-նշեց ֆակուլտետի դեկանն ու հույս հայտնեց, որ լսարանը Ալեն Մարգարյանի անունով կոչելը կլինի հայրենասիրության պատգամ իր ընկերներին ու հաջորդ սերունդներին:

Հանրային ռադիոյի «Ապրելու բանաձև» հաղորդաշարի և համանուն մատենաշարի հեղինակ Գոհար Մարտիկյանն առաջին գիրքն է նվիրել Ալեն Մարգարյանի անվան լսարանին, որ յուրաքանչյուր ընթերցող ևս մեկ անգամ անուն առ անուն ճանաչի ազգի հերոս զավակներին։

«Ես ուզում եմ իմ գրչով ապացուցել, որ հայրենիքից քաղցր ու անուշ ոչնինչ չկա։ Երբ Արցախյան առաջին պատերազմում կորցրի որդուս՝ Աշոտ Չախոյանին, հասկացա՝ նա ծնվել էր միայն բարիք ստեղծելու համար․ նա և հազարավոր հայորդիներ դա ապացուցեցին ինքնանվիրումով և ինքայրումով ապրած կյանքով։ Ես չէի սխալվում, երբ համոզված էի՝ այս սերունդը կկրկնի 90-ականների սխրանքները»,-նշեց Գոհար Մարտիկյանը։

Նա վստահցենում է, որ հայն այսօր էլ չի կորցրել իր ապրելու բանաձևը, պետք է հայրենիքում մնալով և հազարավոր տղաների սխրանքից օրինակ վերցնելով փակել չարի ճանապարհը․ «Հանուն նրանց պետք է ապրենք․ նրանք էլ ապրողների շարքում են»։

Ալեն Մարգարյանի կուրսի ղեկավար դոցենտ Հերբերտ Գասպարյանը մտաբերում է նրա ուսումնառության տարիներն ու վստահեցնում՝ Ալենը նման չէր ոչ մեկին, զարմանալի ճշտապահ ու կազմակերպված ուսանող էր, որ լսարան մտնելիս կարծես լույս էր բերում իր հետ։

«Համատեղ աշխատանքի ընթացքում ստեղծում էր մի զարմանալի մթնոլորտ, որը կարող ենք կոչել երանելի ստեղծագործական՝ հաճախ կրկնելով, որ ինքը գիտությամբ պետք է գրավի աշխարհը»,-նշեց Հերբերտ Գասպարյանն ու հույս հայտնեց, որ նա օրինակ կլինի լսարան մտնող յուրաքանչյուր ուսանողի համար։ Լսարանի բացմանը ներկա էին Ալեն Մարգարյանի ընտանիքը, մտերիմներ, հարազատներ, կուրսընկերներ ու դասախոսներ։

«Թվում է՝ ասելիքը խղճուկ է, երբ գիտակցում եմ, որ խոսքը Ալեն Մարգարյան երիտասարդի մասին է։ Միայն ընտրյալ և բացառիկ ծնունդը կարող է իր ապրած ընդամենը 21 տարվա ընթացքում արձանագրել նման հաջողություններ, ձևավորել մի արժեհամակարգ, որի մեջ ոչ մի տեղ չկա վատի համար, լինել մաքրամաքուր, վեհագույն, տիեզերական լույսով։ Նրանում տեղ էին գտել պարկեշտությունն ու ազնվությունը, բացառիկ նվիրումը շրջապատի, ընկերների, հարազատների և մարդ արարածի համար»,-որդու մասին նշում է Ալենի մայրը՝ Նազելի Տերտերյանը։

Նա ներկաներին վստահեցրեց՝ որդու մասին խոսելիս օբյեկտիվ է, փոխանցում է միայն հավաքական այն պատկերը, որ ստեղծել են նրան ճանաչողները՝ դասընկերներն ու ուսուցիչները, ընկերներն ու դասախոսները և բոլոր նրանք, ովքեր առիթ են ունեցել շփվել նրա հետ, ում լուսավորել են Ալենի ջինջ ու պայծառ աչքերը ու ստացել արեգակնային մեծ լույս, որ սփռում էր նա շրջապատում։

«Ո՞րն է աշխարհը փոխելու քո ծրագիրը․ սա էր հարցերի հարցը, որ սահմանել էր Ալենն իր համար և որդեգրել սկզբունքներ, որոնցով պետք է փոխեր աշխարհը։ Կարծես քայլող արև լիներ, որ իր շուրջն էր հավաքում մյուս համաստեղություններին։ Հանդուրժող էր, անսահման համեստ ու մարդասեր»,-նշում է Նազելի Տերտերյանն ու հավելում՝ այս պատերազմը չէր, որ պետք է բացահայտեր Ալեն հերոսին․ նա հերոս էր ծնված օրից, իր կյանքի ապրած յուրաքանչյուր վայրկյանով, որի մասին փաստում էր նրա վարքագիծը։

Մայրն հպարտությամբ է հիշում՝ Ալենը չէր սիրում, երբ իրեն գովում էին․ չհասկանալով իր եզակիությունը՝ կարծում էր այդպիսին պետք է լինեն բոլորը։ «Նա կարծում էր, որ ամեն մարդ առաքելություն ու կոչում ունի և գտնում էր, որ իր կոչումը կրթելն էր․ այդ էր պատճառը, որ ընդունվեց Մանկավարժական համալսարան և բացառության սզբունքով՝ զուգահեռ նաև դասավանդում էր Թումո կենտրոնում»,-նշեց Նազելի Տերտերյանն ու խոստովանեց՝ դժվար և պատասխանատու կոչում է լինել Ալենի մայրը․ 21-ամյա երիտասարդն իր ապրած կյանքով կարծես տասնապատկել է ժամանակը՝ փոխանցելով միջակությունը չհանդուրժելու, ամենուր բարձունքում և առաջին հերթին ինքն իր հանդեպ քննադատ լինելու սեփական պատգամները։

Նազելի Տերտերյանը շնորհակալություն հայտնեց որդուն արժևորելու համար և հույս հայտնեց, որ լսարան մտնող յուրաքանչյուր ուսանող կունենա նույն համոզմունքը՝ Հայաստան աշխարհը պետք է գրավել գիտությամբ, կրթությամբ։ 

«Դու զգու՞մ ես մահվան շունչը»,- մարտական ընկերոջը հարցրել էր Ալեն Մարգարյանը․ ինքն զգացել էր ու շարունակել էր մնալ բարձունքում, քանի որ հաճախ էր կրկնում՝ մենք ոչինչ ենք առանց սիրո, այդ թվում՝ հայրենիքի հանդեպ։ Ալենը սիրում էր և սիրված էր բոլորի կողմից․ այսօր նրան ծափահարեցին հարազատ բուհի այն նույն դահլիճում, որի բեմում Ալենը կերտել էր բազում կերպարներ, կերտել էր անթերի ու կատարյալ այնպես, ինչպես իր բոլոր գործերում։