«Երբ ինձ հարցնում են, թե ինչ ոճով եմ ստեղծագործում, պատասխանում եմ՝ ես փորձում եմ միայն մեկ ոճի կամ մեկ ձևի ենթարկվել՝ լինել անկեղծ իմ արվեստի նկատմամբ»,-ասում է ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արա Հակոբյանը։
«Թեքեյան» կենտրոնի ցուցասրահում այսօր բացվեց գեղանկարչի անհատական ցուցահանդեսը․ ներկայացված էին Արա Հակոբյանի տարբեր տարիների լավագույն ստեղծագործությունները՝ շուրջ 30 աշխատանք։
Ցուցադրությանը ներկա էին ՀՀ նկարիչների միության անդամներ, ՀՊՄՀ ղեկավար և դասախոսական կազմը, ուսանողներ, արվեստասերներ։
Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը ցուցահանդեսի բացումը կարևոր իրադարձություն համարեց, նկատելով՝ Արա Հակոբյանը ստեղծագործելիս անսահման բերկրանք է ապրում, ինչն արտահայտվում է նաև նրա կտավներում․ ամեն մեկին տրված չէ հաճույք ստանալ ստեղծագործելուց։
Նրա դիտարկմամբ՝ հայերը շնորհաշատ են գեղարվեստի ասպարեզում, սակայն տաղանդավոր դրսևորումներից զատ, գեղանկարիչների մոտ հաճախ բացակայում են ինտելեկտն ու կրթությունը։ Վերջիններս գերակշռում են Արա Հակոբյանի մոտ։ Ռուբեն Միրզախանյանը պատահականություն չի համարում նաև այն, որ ՀՀ արվեստագիտության 4 դոկտորներից մեկն էլ Արա Հակոբյանն Է։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը նկատում է՝ ցուցահանդեսը մեկ անգամ ևս հնարավորություն է տալիս ուղղվել դեպի գեղեցիկի աշխարհը, փոխներգործելու արդյունքում և մեր հոգեկանի տիրույթում ունենալ հույսի, լույսի, գույնի, գեղեցկության, ներդաշնակության ընդհանարցումը, այն, ինչը պակասում է մեր օրերում և ինչն ըմբոշխնելու հնարավորություն է տալիս Արա Հակոբյանը՝ իր աշխատանքի փիլիսոփայական դրսևորումներով։
Սրբուհի Գևորգյանը համոզված է՝ հետաքրքիր երկխոսություն է սպասվում․ Արա Հակոբյանի աշխատանքների հետ փոխներգործելիս առաջանում է իմաստի, բովանդակության, աշխարհաճանաչման ինչ-որ ցոլք, արվեստի և օբյեկտիվ իրականության փոխճանաչման յուրահատուկ իմաստավորում։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը ևս ներկա էր ցուցահանդեսի բացման արարողությանը։ «Մեր օրերը կարծես նմանվում են ալեկոծված ծովի, և այդ ծովի մեջ արվեստն այն կարևոր նավակներից է, որտեղ շտապում են բոլոր նրանք, ովքեր հայտնվել են դրանում։ Խորհրդանշական է, որ այս օրերին բացվում են նման ցուցահանդեսներ․ այս քաոսային իրավիճակում արվեստն այն ապահով, խաղաղ, անվտանգ և իմաստուն հանգրվանն է, որ մեզ հաղորդ է դարձնում աստվածային շնորհի արտահայտություններին։ Որպես հոգևորական, ինձ համար ուրախալի է, որ մերօրյա արվեստագետներն իրենց կտավներում տեղ են հատկացնում նաև հավատքին, հոգևոր կյանքին։ Դրանք ինձ փոխանցում են այն նույն ապրումները, որն ունենում եմ եկեղեցական ծեսի ժամանակ»,-իր խոսքում նշեց նա ու ցուցահանդեսի առթիվ ներկաներին փոխանցեց Վեհափառ հայրապետի գնահատանքն ու օրհնությունը։
Հայր Ասողիկը հավելում է՝ մշակութաշունչ հարկի ներքո ներկայացված և հոգևոր կյանքը պատկերող կտավները չափազանց կարևոր են մարդուն կերտելիս։ Արա Հակոբյանի կտավներից ճառագում է այն անկեղծությունը, որ ապրում ենք տաճարում․ կտավի միջոցով, արվեստի տաճարում այն փոխանցվում է հայ մարդուն։
Նա մաղթեց, որ արվեստագետը շարունակի եռանդով արդյունավորել այն շնորհը, լուսավոր ընթացքը, որ Աստված է բաշխել․ ի վերջո, արվեստի ճանապարհով մարդը կերտվում է, իմաստնանում, այդ ճանապարհով է նաև, որ հաղորդ է դառնում աստվածային մշակույթին։
Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից շատերին է ծանոթ․ դրանցում Արա Հակոբյանի էությունն է զետեղված․ «Նա պարզ, մաքուր սիրտ ունեցող արվեստագետ է, արդար իր շփման մեջ և ազնիվ մարդկային փոխհարաբերություններում։ Այդ ամենն արտացոլված է նրա կտավներում, որոնցում կան պարզ, մարդկային դրվագներ և որոնք կարող է տեսնել, պատկերել միայն արվեստագետը։ Այսպիսի նկարչության կարիք բոլորս ունենք»,-նշեց Սաֆարյանն ու գեղանկարչին մաղթեց նորանոր ցուցահանդեսներ։
Ցուցադրությունը բաց կլինի մինչև մայիսի 19-ը` ժամը 16։00-ն: