«Հայաստան․ Ավետյաց երկիր»․ այս խորագիրն է կրում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՊՄՀ Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի պրոֆեսոր Սամվել Սևադայի լուսանկարչական ստեղծագործությունների ցուցադրությունը, որի բացումն այսօր կայացավ Մանկավարժական համալսարանում։
Արագածի լանջին, Հաղպատ, Ապարանի լիճ, Շուշվա ձոր, Ճամբարակ, Լույս Ղարաբաղ, Արարատ․ լուսանկարչի աշխատանքներում իրեն հատուկ խորությամբ ու գունագեղությամբ ներկայացված է մեր հայրենիքը՝ իր գողտիկ անկյուններով ու տեսարաններով՝ ոսկե դաշտերից, ծաղկած քարերերից մինչև արևային հովտի սերենադ։
Կուլտուրայի ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանը նկատում է՝ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադայի կենսագրությանը շատերն են ծանոթ։ Հայ մշակույթը հանրահռչակող արվեստագետը վաղուց արդեն իր ուրույն տեղն է հաստատել հայ գեղարվեստական լուսանկարչության ասպարեզում, նաև ամբիոնի լավագույն դասախոսներից է, որը շարունակում է ձևավորված ավանդույթներն ու իր փորձառությունը փոխանցում մատաղ սերնդին։
ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարևորում է հերթական մշակութային ձեռնարկի անցակցումը բուհում և նշում՝ ցուցադրված լուսանկարները յուրովի են արտացոլում կրթության, ժամանակակից կյանքի և արվեստի, գեղարվեստական լուսանկարչության չափանիշները․ դրանք այսօր կրթության ոլորտում, մասնագետների պատրաստման գործընթացում կարևորագույն չափանմուշ են ուսանողների համար։
Սրբուհի Գևորգյանը հիշեցնում է՝ Սամվել Սևադան բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել՝ բարձրացնելով տարատեսակ հիմնախնդիրներ՝ սոցիալականից մինչև պատմական նշանակության։
Պրոֆեսոր Գևորգյանը հասցրել է ծանոթանալ ցուցահանդեսի աշխատանքներին․ հասկացել է՝ դինամիկ կյանքը ստատիկ իրավիճակներում պատկերելու, իրականության շունչն առանձին աշխատանքներում փոխանցելու հմտությունը մեծ շքեղություն են արվեստասերների, նաև ուսանողների համար, որոնք մասնագետի տեսակետից են դիտարկում կրթության շարժընթացը, կարողանում օբյեկտիվ գնահատական տալ իրականությանը, ունենում ապրումային և ապրումակցման դրսևորումներ։
Սրբուհի Գևորգյանին հատկապես տպավորել է Սամվել Սևադայի «Ես կվերադառնամ» գեղարվեստական աշխատանքը։ Ռեկտորը, որը նաև հոգեբանական գիտությունների դոկտոր է, նկատում է՝ հեղինակի հոգեբանական պահանջմունքն է առիթ հանդիսացել պատմական իրադարձության վերաբերյալ ստեղծագործական, զգացմունքային, քաղաքացու և մասնագիտական մոտեցումը ցուցադրելու․ «Կտավը յուրաքանչյուրի մոտ կոնկրետ զգացմունքներ է առաջացնում․ տղայի վիշտը, թախիծը, ներհոգեկանում առանձնանալու, մտորելու, պատմական առաքելությանը հետևելու, վերադառնալու ըմբոստ ցանկություն․ տղայի հավաքական կերպարում առկա ուժը բնորոշում է հայ ազգին և Հայաստան աշխարհին։ Այդ ուժը պիտի պահպանի մեր ինքնությունը, պատմական արժանապատվությունը, այս աշխարհում տեղն ու դերը»- նկատեց ռեկտորը։
Զարմանալի, ինքնատիպ բանաստեղծ, ոչ մեկին չկրկնող լուսանկարիչ, գեղանկարիչ, մտավորական ու քաղաքացի, որն իր գործունեությամբ բացահայտում է իր և շատերի հոգևոր աշխարհի զարմանալի խորքերը․ այսպիսին է Սամվել Սևադան՝ ՀՊՄՀ պրոֆեսոր Համլետ Միքայելյանի դիտարկմամբ։
Պրոֆեսորը նկատում է՝ ցուցադրության մեջ տեղ գտած միակ գեղանկարչական աշխատանքը բարոյական հասունության գագաթն է․ «Նա մեր իրականության մեջ ստեղծում է զարմանալի մթնոլորտ։ Սևադայի նկարները մեծ արժեք են, իսկ նրա հիմնական մտահոգությունը՝ բարոյական հենքն է հասարակության մեջ»։
Սամվել Սևադան սիրում է Հայկական բնաշխարհը, ցուցահանդեսում ներկայացրած գործերը այժմեական է համարում․ դրանք լրացուցիչ հույզեր, մտածելու առիթ և հոգեկան ապրումներ են առաջացնում։
Խոստովանում է՝ չնայած լուսանկարների հեղինակը ինքն է, բայց հայրենիքի անմահացրած տեսարաններն իրեն ևս հաճախ են հուզում։
Լուսանկարիչը ցավով է նկատում է՝ նոր սերունդը անտարբեր է դարձել․ պատրաստվում է հունվարի վերջին իր և ուսանողների գործերից մի քանիսը տանել ԱՄՆ-ում կազմակերպվելիք ցուցահանդեսին՝ հայ լուսանկարչական արվեստը հանրահռչակելու նպատակով նաև։
«Կարևոր չէ՝ քանի հոգի կդիտի ցուցահանդեսը․եթե անգամ 20-25 մարդու վրա իմ աշխատնքները տպավորություն թողնեն, արդեն լավ է»,- նշեց Սամվել Սևադան։