ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բացվեց ՀՊՄՀ-ի ուսանողի առաջին անհատական ցուցահանդեսը
12.06.2022
Բացվեց ՀՊՄՀ-ի ուսանողի առաջին անհատական ցուցահանդեսը

Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց ՀՊՄՀ-ի այս տարվա շրջանավարտ Տիգրան Իսկանդերյանի լուսանկարչական աշխատանքների առաջին անհատական ցուցահանդեսը։

Տիգրանը 2016 թվականին ընդունվել է Գեղարվեստական լուսանկարչության բաժինը։ Ուսմանը զուգահեռ, համագործակցում է ԿԳՄՍ նախարարության և ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ լուսանկարելով մշակութային ու սպորտային բազում ձեռնարկներ ու հանդիպումներ։

Առաջին ցուցահանդեսի բացման առթիվ երիտասարդ լուսանկարչին շնորհավորեցին նրա դասախոսները, ոլորտի փորձառուները՝ մաղթելով նոր ձեռքբերումներ ու հաջողություններ։ Նրանք բարձր գնահատեցին Տիգրան Իսկանդերյանի մասնագիտական կարողությունները և հույս հայտնեցին, որ նրան խոստումնալից ապագա է սպասվում։

Դասախոս Արմեն Խաչատրյանը Տիգրան Իսկանդերյանի կուրսի ղեկավարն է։ Ընդգծում է՝ բացի մասնագիտական բարձր կարողություններից, նա նաև շատ պաստրաստակամ ուսանող և լավ ընկեր է, մշտապես աջակցել է կուրսի կազմակերպած բոլոր ցուցադրություններին։ Դասախոսն ուրախ է, որ Տիգրան Իսկանդերյանն իր ուսումը կշարունակի նաև մագիստրատուրայում՝ կատարելագործելու լուսանկարչի հմտությունները։

Ցուցադրության էին ներկայացվել լուսանկարչի՝ 2017-2022 թվականների ընթացքում կատարված աշխատանքները․ դրանցում տարբեր իրադարձություններ են։ Նախ հայրենիքն է՝ իր գեղատեսիլ ու հիասքանչ վայրերով, ամենատարբեր մարդկանցով ու ապրումներով, ապա սպորտային իրադարձությունները՝ պայքարի ու հաղթանակի հույզերով։ Լուսանկարչի օբյեկտիվից չեն վրիպել նաև հայտնի մարզիկներն ու մշակութային գործիչները․ դրանք լուսանկարչի աշխատանքներում առանձնահատուկ տեղ ունեն և բազմիցս տպագրվել են միջազգային տարբեր ամսագրերում։

Չնայած երիտասարդ տարիքին, Տիգրան Իսկանդերյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների, խմբակային ցուցադրությունների։

Նկարիչների միությունում Տիգրան Իսկանդերյանի աշխատանքների ցուցադրությունը բաց կլինի մինչև հունիսի 13-ը։