ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բացվեց միջազգային պլեների աշխատանքների ցուցադրությունը
22.06.2018
Բացվեց միջազգային պլեների աշխատանքների ցուցադրությունը

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված գեղանկարչության միջազգային պլեների մասնակիցների շուրջ 100 աշխատանքների ցուցադրությունը: 

Սիմպոզիումին մասնակցում են 6 երկրից՝ Ռուսաստանից, Լեհաստանից, Վրաստանից, Լատվիայից, Լիտվայից և Հայաստանից 17 գեղանկարիչներ:

10-օրյա պլեների ընթացքում նկարիչները ստեղծագործել են ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի 10 ուսանողների՝ ապագա նկարիչ-մանկավարժների հետ, ծանոթացել նրանց ուսումնական գործընթացին, արվեստանոցների հագեցվածությանը:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորեց ներկաներին՝ ցուցադրության բացման առթիվ, ու արվեստի և կրթության ոլորտում հատկապես կարևորեց միջազգային համագործակցությունը: ԿԳ նախարարը վստահեցրեց, որ նախարարությունը պատրաստ է աջակցել նման կարևոր ու հետաքրքիր նախաձեռնություններին:

Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն էլ հավելեց, որ մշակույթը շատ հզոր է, բայց այն չպետք է պահել ներսում. «Մշակույթը չի կարող բազմազան լինել, եթե դրանում չներգրավվեն նաև օտարազգի արվեստագետները: Ուրախ եմ, որ Պլեների մասնակիցները մեկական աշխատանք կնվիրաբերեն Ազգային պատկերասրահին»:

Ձեռնարկի շրջանակներում պլեների մասնակիցները մասնակցել են զրույցների, բանավեճերի, քննարկել արվեստի ոլորտի տարաբնույթ խնդիրներ, իրականացրել փորձի փոխանակում, ինչպես նաև այցելություններ մեր երկրի պատմական և մշակութային տեսարժան վայրեր:

ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը բազմիցս մասնակցել է միջազգային պլեներների և կարծում է, որ նման պլեներները մեծ նշանակություն ունեն մեր երկրի համար. «Մեզ թվում է, թե բոլորը մեզ ճանաչում են: Նրանցից շատերն առաջին անգամ են Հայաստանում. հիացած են, ոգևորված: Մասնակիցներից ոմանք էլ անվանի նկարիչներ են, որոնք ունեն միջազգային ընդլայնված կապեր ու արդեն իսկ հետաքրքրված են մեզանով»,-հավելեց Փարավոն Միրզոյանը:

Վերջինս կարևորեց նաև պլեներին ուսանողների մասնակցությունը՝ ճանաչված նկարիչների հետ համատեղ ստեղծագործելու, Հայաստանի Ազգային պատկերասրահում ցուցադրվելու տեսանկյունից:

Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին միջազգային պլեների կազմակերպիչներին և խոստովանեցին՝ անցկացրել են հիանալի օրեր, վայելել հայկական բնաշխարհի գեղեցկությունը, իսկ զգացողությունները արտահայտել են կտավներում:

Մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Հերիքնազ Խաչիկյանն առաջին անգամ է մասնակցում միջազգային պլեների: Նրա կարծիքով՝ սա հրաշալի հնարավորություն է և´ դասախոսների, և´ օտարազգի նկարիչների հետ համատեղ ստեղծագործելու, նրանց մշակույթին ու արվեստին ծանոթանալու համար:

«Այս օրերին ևս մեկ անգամ համոզվեցի՝ տարբեր են հայ և օտարազգի նկարիչների գույներն ու աշխատելաոճը. մեզանում գերակշռում են տաք երանգները, որը մեր երկրի արևն է՝ արտացոլված նկարներում: Ստացանք ստեղծագործական լավ խորհուրդներ, շփվեցինք, ստեղծագործեցինք, երկուստեք ծանոթացանք և ծանոթացրինք մեր ազգային մշակույթներին, անցկացրինք հիանալի ժամանակ»,-aspu.am-ի հետ զրույցում նշեց Հերիքնազ Խաչիկյանն ու մեծ ձեռքբերում համարեց Ազգային պատկերասրահում ցուցադրությամբ հանդես գալը:

Ձեռնարկի ավարտին միջազգային պլեների մասնակիցներին տրվեցին հավաստագրեր: