Մանկավարժական համալսարանում այսօր բացվեց 4 ուսումնափորձնական նոր լաբորատորիա, որին ներկա էին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ներկայացուցիչներ, բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ու հյուրեր:
Բուսաբանության և բույսերի ֆիզիոլոգիայի, Աշխարհագրության գիտակրթական, Ընդհանուր և անօրգանական քիմիայի, Ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի լաբորատորիաները հագեցած են ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով, ինչը կնպաստի ուսումնական և գիտական հետազոտություններ իրականցնելուն, կբարելավի ուսանողների պրակտիկ գործունեությունը:
Հյուրերը եղան նաև Մանկավարժական համալսարանի Քվանտային էլեկտրոնիկայի և ինտեգրալային օպտիկայի նոր նյութերի լաբորատորիայում, որը համալրվել է տարածաշրջանում իր նմանը չունեցող միակ սարքավորումով՝ Ռոմանյան սպեկտրոսկոպով, որն առանձնանում է հզորագույն անալիտիկ նշանակությամբ:
Լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Էդուարդ Կոկանյանի վստահեցմամբ՝ սարքավորումը կնպաստի նաև բյուրեղների կառուցվածքի ուսումնասիրմանը, կիրառման տարբեր նպատակներով նոր բյուրեղների ստացմանը, ինչպես նաև կարող է կիրառվել ռազմական ոլորտում. տեղադրելով համապատասխան սարքերում՝ այն կարող է սկանավորել օբյեկտների հեռավորությունը:
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը լաբորատորիաների բացումը համարեց բուհի երկարատև գործունեության արդյունք և կարևորագույն ձեռքբերում՝ նշելով, որ դա ուղղակիորեն կնպաստի ապագա մանկավարժների՝ տեսական գիտելիքները լաբորատոր պայմաններում ամրապնդելուն:
«Հանրակրթական դպրոցն ունի երկու կոմպոնենտ՝ դաստիարակության և գիտական: Որպեսզի աշակերտը լինի հետաքրքրված, իսկ ուսուցիչն էլ աշխատի նվիրված, ուրեմն ուսումնական գործընթացը պետք է կազմակերպվի մասնագիտական կահավորված դասասենյակներում»,-նշեց ԿԳ նախարարն ու ցանկություն հայտնեց, որ նման աշխատանքային լաբորատորիաներ ապագայում լինեն նաև դպրոցներում:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը լաբորատորիաների բացումը կարևորեց հատկապես ապագա մանկավարժների՝ գիտությունն առավել ժամանակակից սարքավորումներով հագեցած պայմաններում ուսումնասիրելու տեսանկյունից: Ռեկտորը վստահ է՝ դա ծայրաստիճան կարևոր է ուսանողների համար:
Նշենք, որ լաբորատորիաների բացմանը աջակցել են Գիտության պետական կոմիտեն և Համաշխարհային բանկը: