ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բանասերները՝ Զահրատի մասին
25.10.2024
Բանասերները՝ Զահրատի մասին

Բանաստեղծ Զահրատի 100-ամյակի առթիվ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հրավերով միությունում էին ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետի ուսանողները։

Ապագա բանասերները միությունում էին ՀՊՄՀ հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանի ղեկավարությամբ։

Պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը շնորհակալություն հայտնեց Էդվարդ Միլիտոնյանին ուսանողների հետ երկխոսություն ունենալու համար։ Նա հիշեց Զահրատի հետ հանդիպումները թե՛ Պոլսում, թե՛ Երեւանում, ապա ընդգծեց՝ առիթ է ունեցել հյուրընկալել բանաստեղծին նաև Մանկավարժական համալսարանում։

Գրականագետն ուրախությամբ նկատեց՝ ուսանողները սիրեցին Զահրատին.«Նա այն բանաստեղծն է, որ առտնին մտքերից ուսանողին թույլ է տալիս տեսնել ներքին փիլիսոփայության տանող ճանապարհը»։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի դիտարկմամբ՝ Զահրատի պոեզիան կրթում է հոգին, բառի շնորհություն, մարդասիրություն, խորքային ապրումներ տալիս մարդկանց։ Նա հիշեցրեց՝ Զահրատի պոեզիան Հայաստան մուտք գործեց 60-ականների վերջերից՝ Ալեքսանդր Թոփչյանի նախանձախնդրությամբ և այսօր էլ շարունակում է դաստիարակել մարդկանց։
ՀԳՄ նախագահը խոսեց նաև Զահրատի հետ հանդիպումների մասին, վերլուծեց հեղինակի բանաստեղծություններից։

Ձեռնարկին ներկա գրականագետ Դավիթ Գասպարյանը բարձր գնահատեց «Համազգային» հայ կրթական և մշակութային միության Երեւանի գրասենյակի հետ համագործակցությամբ Սուրեն Դանիելյանի կազմած «100 բանաստեղծություն» ժողովածուն և նրա հեղինակած առաջաբանը։ Բանախոսը նկատեց՝ ինքն էլ է ուսումնասիրում Զահրատի բանաստեղծությունը և նրան համարում է լավագույններից։

Զահրատի՝ փոքր մարդուց մինչև հավաքականություն տանող ճանապարհի ուրվագծումին անդրադարձավ ՀՊՄՀ հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող Քնարիկ Աբրահամյանը։

Հանդիպման ընթացքում 4-րդ և 5-րդ կուրսերի բանասեր ուսանողները տպավորիչ արևմտահայերենով արտասանեցին Զահրատի բանաստեղծություններից, իսկ 2-րդ կուրսի ուսանող Ժաննա Հովհաննիսյանը կատարեց Զահրատի՝ «Կաղանդի ծառ մը» բանաստեղծության վրա Պերճ Թյուրաբյանի գրած երգը։

Հանդիսության ավարտին բանաստեղծ Գոհար Գալստյանն ու բանաստեղծ, թարգմանիչ Հերմինե Նավասարդյանը խոսեցին Զահրատի գրականության մասին և կարդացին զահրատյան ներշնչումներով գրված իրենց ստեղծագործությունները։