ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Բառարան ստեղծելը գիտական գործ է».շնորհանդես Մանկավարժականում
17.11.2017
«Բառարան ստեղծելը գիտական գործ է».շնորհանդես Մանկավարժականում

Այսօր Մանկավարժական համալսարանում կայացավ բուհի Գիտական խորհրդի երաշխավորմամբ հրատարակված «Մաթեմատիկական տերմինների բացատրական բառարան.I-VI» գրքի շնորհանդեսը:

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների, աշակերտների և մանկավարժական բուհերի դասախոսների համար նախատեսված բառարանի հեղինակային խումբը Մանկավարժականի Մաթեմատիկական կրթության գիտական լաբորատորիայի աշխատակազմն է:

Աշխատանքային խմբի ղեկավարը ՀՊՄՀ-ի Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բորիս Նահապետյանն է: Խմբում ներգրվված են եղել ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտներ Վիկտոր Արզումանյանն ու Հայկունի Հարությունյանը, դոկտոր, պրոֆեսորներ Սամվել Դալալյանն ու Հայկ Ղազարյանը. խմբագիրը՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Աբրահամյանն է:

Բառարանում ներկայացված և բացատրված են I-VI դասարանների մաթեմատիկայի ծրագրային նյութում ընդգրկված ավելի քան 320 տերմիններ, անուններ. հաշվի են առնված նաև համապատասխան դասարանների աշակերտների տարիքային առանձնահատկությունները:

Մաթեմատիկական կրթության գիտական լաբորատորիան իր առջև նպատակ էր դրել ստեղծելու մաթեմատիկական տերմինների լիակատար բացատրական բառարան, որը կընդգրկի տարրական մաթեմատիկայի ամբողջ դասընթացի տերմիները.այսպիսով, այն նախատեսված է ընթերցողների լայն շրջանակների համար:

Շնորհանդեսին ներկա էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, բուհի ղեկավարությունը, դպրոցների ուսուցիչներ, ոլորտի մասնագետներ և այլք:

Պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը պատմական ակնարկով անդրադարձավ բառարանագիտության ստեղծմանն ու զարգացմանը, հայկական առաջին բառարանի տպագրությանը, ինչին հաջորդեց «Մաթեմատիկական տերմինների բացատրական բառարան.I-VI» գրքի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը:

«Ուրախալի է, որ գրքի լուսընծայումը համընկավ բուհի հիմնադրման 95-ամյակին.Մանկավարժականում լավ ավանդույթ է ձևավորվել և այն դարձել է հարթակ՝ պրակտիկ մասնագետների և ակադեմիական հանրության ներկայացուցիչների միջև ակտիվ հաղորդակցման գործընթացի ծավալման, որի արդյունքում շահում են նաև հանրակրթական դպրոցները»,-նշեց Սրբուհի Գևորգյանը:

ՀՊՄՀ-ի Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բորիս Նահապետյանը նկատեց՝ թուղթն ու մատիտն այսօր երկրորդական է. կրթական համակարգը պետք է ընդունի այդ փաստը՝ միաժամանակ հաշվի առնելով մաթեմատիակական հաշվեկանոնների հիմնավորումը.«Որքան ճիշտ և ճշգրիտ, այնքան հասկանալի»,- հենց այս սկզբունքով էլ ստեղծվել է բառարանը:

Ֆիզիմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Վիկտոր Արզումանյանն իր խոսքում նկատեց, որ ձեռնարկի ստեղծումն ունի 35 տարվա պատմություն. ՀՊՄՀ-ի Մաթեմատիկական կրթության գիտական լաբորատորիայում աշխատելու ընթացքում բուհի ղեկավարության հետևողական աշխատանքի արդյունքում երկու տարի պահանջվեց այն իրագործելու համար.«Բառարանը փոքր-ինչ տարբերվում է նմանատիպ ձեռնարկներից. փորձ է արված պահպանել փնջային կառուցվածքը, ամենայն ճշգրտությամբ ներկայացնել տերմինների բացատրությունը: Մեր նախագիծը մաթեմատիկայի հայերեն տերմինաբանական բառարանի ստեղծման առաջին փորձն է, ուր կան նաև թվաբանական և չափման հիմնական միավորների հարաբերակցության աղյուսակներ»:

Վիկտոր Արզումանյանը նկատեց, որ բառարանի երկրորդ մասում կան նաև տեղեկություններ նշանավոր մաթեմատիկոսների կյանքի և գործունեության մասին, իսկ վերջում տրված է բառարանում բացատրված տերմինների ցանկը, որում ընդգրկված են ոչ միայն գլխաբառերը, այլև այն տերմինները, որոնց սահմանումները տրված են որևէ բառահոդվածում.«Բառարան ստեղծելը գիտական գործ է.այն պահանջում է հավաքագրել փաստեր և դրանց հիման վրա կառուցել ներածական շեմ: Սա հենց նմանատիպ աշխատանք է.մենք սպասում ենք դրա վերաբերյալ ուսումնասիրություների, քննարկումների և առողջ քննադատությունների»:

«Կրթական ոլորտում առկա ճգնաժամի հաղթահարումը պետք է սկսել դպրոցից. ձեռնարկը դրան ուղղված յուրահատուկ քայլերից է ու չափազանց արժեքավոր»,- գրքի շնորհանդեսին նշեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Անրի Ներսիսյանը՝ ընդգծելով, որ բառարանը ստեղծագործական մտքի արգասիք է, որի գաղափարը պետք է ճիշտ օգտագործել և կիրառել նաև գիտության այլ որոտներում:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Ռաֆայել Բարխուդարյանն էլ գրքի ծնունդը համարեց գիտակրթական աշխարհի համագործակցության արդյունք, որում ներկայացված նյութը մի կողմից ոլորտին հատուկ խստությամբ է, մյուս կողմից՝ ճշգրիտ և մատչելի ձևակերպումներով: 

Բանախոսները հույս հայտնեցին, որ գիրքը կունենա շարունակություն և դրա մյուս հատորները հասանելի կլինեն տարիքային այլ խմբերի ևս: Շնորհանդեսին հաջորդեց հարց ու պատասխան, որի ընթացքում մասնագետները հնչեցրին շնորհակալական խոսքեր, հանդես եկան առաջարկներով:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը ևս ընդգծեց կատարած հսկայական աշխատանքը՝ կարևորելով, որ նման ձեռնարկներում բուհ-դպրոց համագործակցությունը պետք է լինի. չափորոշչային պահանջների քննարկումը հնարավորություն կտա առավել հստակ սահմանուներ տալ:

Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հոգեբանական գիտությունների դոկտոր Կամո Վարդանյանի դիտարկմամաբ՝ գրքում ընդգրկված համակարգը խիստ հստակ է և միաբովանդակ.«Գիտական աշխարհում ելակետային հասկացություններն ունենում են բազմաթիվ նշանակություններ. բառարանի արժեքը նաև դրանում է՝ այն զերծ է խրթին տերմիններից, հասկանալի այլ մասնագետների ևս: Բառարանը նաև յուրատեսակ սեղանի գիրք է՝ մատչելի և նկարազարդ »:

ՀՊՄՀ-ն «Մաթեմատիկական տերմինների բացատրական բառարան.I-VI» գրքի մեծ քանակություն նվիրել է ՀՀ և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչներին: