ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բարեգործական ներկայացումներ՝ ՀՊՄՀ ուսանողներից
25.04.2024
Բարեգործական ներկայացումներ՝ ՀՊՄՀ ուսանողներից

Օրերս ՀՊՄՀ ուսանողներն այցելեցին Խարբերդի մասնագիտացված մանկատուն և Մրգավան համայնքի մշակույթի տուն։ «Բարև, մենք ենք» բարեգործական ներկայացմանը ներգրավված էին Կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրա բաժնի 1-ին և ռուսաց լեզու և գրականություն բաժնի 3-րդ կուրսերի ուսանողները։ Ներկայացման բեմադրողը Ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյան է։

Այն հիմնված էր Իվան Կռիլովի առակների վրա․ողջ ընթացքում կար ակտիվ կապ հերոսների և երեխաների միջև, հարցուպատասխան, հանելուկներ, ծափողջույններ, երգ, պար և բարձր տրամադրություն։

Ռեժիսուրա բաժնի 1-ին կուրսի ուսանողԱսյա Հովհաննիսյանը խոստովանում է՝ մեծ պատասխանատվություն է ելույթ ունենալ Խարբերդի մասնագիտացված մանկատանը․ «Լարվածություն կա, բայց այն չի բխում մեր ելույթից, այլ նրանից, թե մենք որտեղ ենք ներկայանում։ Մենք մեծ ուրախությամբ ենք պատրաստվել հանդիպմանը, գիտակցումով, որ գալիս ենք հրաշալի երեխաների մոտ»։

Օտար լեզուների ֆակուլտետի ռուսաց լեզու և գրականություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Քրիստիա Մանուկյանն էլ հավելեց, որ աննկարագրելի զգացողություններ են ունեցել․հանդիսատեսից ավելի շատ էմոցիա ստացել են, քան տվել։ Մանկատան սան Արման Մկրտչյանը երեխաների անունից վստահեցրեց՝ ներկայացումն իրենց դուր եկավ և իմաստը հասկացել են․ուսանողները ներկայացրին այն, ինչ կա ժամանակակից մարդկանց կյանքում կա։

Նույն օրը աբովյանականները եղան նաև Մրգավան համայնքի մշակույթի տանը։ Լեփ-լեցուն դահլիճում երեխաները վայելեցին «Բարև, մենք ենք» ներկայացումը, ուսանողների հետ երգեցին ու պարեցին:

Մրգավանի վարչական շրջանի ղեկավար Արտակ Դավթյանը շնորհակալություն հայտնեց պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյանին, իսկ ուսանողներին հանձնեց շնորհակալագրեր։

Ներկայացման մասնակից ուսանողները ոգևորված են, որ արվեստանոցի ղեկավար Աիդա Հովհաննիսյանից ստացել են ելույթ ունենալու նման հնարավորություն, դասեր, որոնք անհրաժեշտ են տարբեր հանդիսատեսի առջև ելույթ ունենալու համար։ Բարեգործական ներկայացման կազմակերպիչները խոստանում են՝ առջևում սպասվում են նոր ներկայացումներ։