ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բարի գալուստ մանկավարժական Մայր բուհ
01.09.2023
Բարի գալուստ մանկավարժական Մայր բուհ

Մանկավարժական համալսարանում հնչեց համալսարանական կյանքի սկիզբն ազդարարող առաջին զանգը։

Ֆակուլտետներում 1-ին կուրսերի ուսանողներին դիմավորեցին և շնորհավորեցին դեկանները, ամբիոնների վարիչներ, դասախոսներ։

Նորեկ աբովյանականներին նրանք մաղթեցին հիշարժան և արգասաբեր ուսումնական տարի, հաջողություններ և գիտաուսումնական բազում նվաճումներ: Վստահեցրին՝ բուհն ունի մեծագույն պարտավորություն և առաքելություն այն սերունդների առջև, որոնց կրթելու է այսօրվա ուսանողը, իսկ մանկավարժությունը եղել է և կա դժվարին, բայցև պատվաբեր մասնագիտություն։

Ապագա բանասերներին իր օրհնության խոսքը հղեց Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Մադաթիա Գասպարյանը, շնորհավորեցին ամբիոնների վարիչները, բանաստեղծ Պետրոս Հոկտանյանը։ Նրանք վստահեցրին, որ այսօրվա ուսանողը մայրենիի դեսպանն է ամենուր, հայապահպանության երաշխավորն ու իրենց վաղվա փոխարինողը։  

Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը ողջունեց նոր սերնդի մուտքը մայրենիի պահպանման օրրան՝ նրանց որպես պատգամ փոխանցելով ֆրանսիացի նշանավոր գրող Վիկտոր Հյուգոյի խոսքերը. «Ինձ համար պատիվ է հայերեն թարգմանվելը»:

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանն էլ ապագա մանկավարժ-արվեստագետներին խաղաղության մթնոլորտում կրթվելու և ստեղծագործելու հնարավորություն մաղթեց։

Դեկանը հիշեցրեց՝ նրանք ընդունվել են հարուստ ավանդույթներ ունեցող այն ֆակուլտետը, որտեղ ուսանել և հետագայում դասավանդել են անվանի գեղանկարիչներ։ Ի դեպ, ուսումնական հաջորդ օրը Գեղարվեստական կրթության ֆակուլտետը 1-ին կուրսերի ուսանողների համար կազմակերպել է ինտելեկտուալ խաղ-մրցույթ, ինչն հնարավորություն կտա միանգամից ներգրավվել ուսանողական առօրյայում։

Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանն իր շնորհավորանքի խոսքում կարևորեց հատկապես այս ժամանակներում երկիրը կրթությամբ զարգացնելու պահանջը և ուսանողներին մաղթեց մասնագիտական հաջողություններ և ձեռքբերումներ։ Նա հույս հայտնեց, որ ի դեմս այսօրվա առաջին կուրսեցիների՝ կունենանք օտար լեզուների դասավանդման լավագույն մանկավարժների ու տարբեր ոլորտների առաջատար մասնագետների։

Առկա բակալավրիատի շուրջ 130 առաջին կուրսեցիների առջև իր հյուրընկալ դռները բացեց նաև Կուլտուրայի ֆակուլտետը: Դեկան Գևորգ Թադևոսյանը շնորհավորեց ուսանողներին և վստահեցրեց, որ անելու են հնարավորը որակյալ կրթության ապահովման գործում։ Նա հույս հայտնեց, որ այսօրվա ուսանողները կշարունակեն ֆակուլտետի անվանի շրջանավարտների գործը մշակույթի ամենատարբեր ասպարեզներում՝ ի շահ մեր երկրի։

Մանկավարժական համալսարանի 1-ին կուրսի ուսանողների համար գիտելիքի, գրի և դպրության օրը շարունակվեց բուհում կատարած շրջայցով, որին հաջորդեց բարձրագույն կրթական հաստատությունում առաջին դասը: